Հուսով ենք, որ մեծ բանակցային գործընթացի եզրափակումը կլինի պայմանագրի ստորագրումը. Լավրովը` եռակողմ հանդիպման արդյունքների մասին

Աստղիկ Խաչատրյան 25.07.2023 - 23:14
25.07.2023 - 23:14 դիտում

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանությամբ է հանդես եկել` ՀՀ և Ադրբեջանի գործընկերների հետ կայացած եռակողմ հանդիպման արդյունքներն ամփոփելով:

«Նախապես կազմակերպել ենք ռուս-ադրբեջանական և ռուս-հայկական բանակցությունների փուլեր, քննարկել ենք երկկողմ հարաբերությունների վիճակը, նախանշել բարձր մակարդակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ կատարվելիք քայլերը, ապա երեքով հանդիպել` քննարկելու տարածաշրջանային օրակարգը, նախ և առաջ` ԼՂ-ում և նրա շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ:

Մեր զրուցակիցներին ներկայացրել ենք ռուսական կողմի գնահատականները` հիմնված այն զեկույցների վրա, որ ներկայացնում են ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահները` այն քայլերի մասին, որ խիստ ցանկալի է օպերատիվ կերպով, առանց հապաղման ձեռնարկել` ԼՂ բնակչությանը սննդամթերք, դեղորայք, առաջին անհրաժեշտության ապրանքներ և անխափան էլեկտրա և գազամատակարարում ապահովելու համար:

Սա բխում է հասարակ մարդկանց, հայերի, տարածաշրջանի բնակիչների շահերից:

ՌԴ-ն, իբրև խաղաղության գործընթացում առանցքային միջնորդ` սկսած ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների` 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, հետաքրքրված է ճգնաժամի շուտափույթ կարգավորմամբ` երեք առաջնորդների 2020, 2021 և 2022 թթ. ընդունած եռակողմ հայտարարությունների լիարժեք համապատասխանությամբ:

Զրուցել ենք ևս մեկ կարևոր դրույթի մասին, որ ամփոփված է այդ պայմանավորվածություններում. նկատի ունեմ տարածաշրջանում տրանսպորտային, տնտեսական կապերի ապաշրջափակման, անխոչընդոտ երթևեկության ապահովումը:

Հատուկ ուշադրություն ենք դարձրել սահմանազատման հարցերին, որ սերտորեն կապված են քննարկվող խնդիրների ողջ խմբի հետ, ինչպես նաև Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման հարցերին:

Հուսով ենք, որ մեծ բանակցային գործընթացի եզրափակումը կլինի այդ պայմանագրի ստորագրումը:

Ճանապարհը դյուրին չէ. դեռ կարևոր ու բարդ ոչ քիչ հարցեր կան, որոնց պետք է լուծում տալ: Դրանցից ամենազգայունը եղել և մնում է ԼՂ հայերի անվտանգության ու իրավունքների երաշխիքների խնդիրը` Ադրբեջանի տարածաշրջանային ամբողջականության ապահովման համատեքստում` համաձայն 1991 թ. Ալմա-Աթայում նախկին խորհրդային հանրապետությունների ղեկավարների կողմից ստորագրված հռչակագրի: Դրա գործունակությունն այսօր հաստատվել է թե ՀՀ, թե Ադրբեջանի ղեկավարության կողմից: Համաձայն դրա էլ կառուցվում է աշխատանքը խաղաղության պայմանագրի ուղղությամբ:

Հայկական կողմը ըմբռնում ունի Լեռնային Ղարաբաղի հայերին ադրբեջանական ներկայացուցիչների հետ շուտափույթ հանդիպումների մեջ համոզելու անհրաժեշտության մասին՝ համապատասխան օրենսդրությունից և միջազգային պարտավորություններից (տվյալ դեպքում՝ Ադրբեջանի) բխող իրավունքների համաձայնեցման համար, ներառյալ՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման մասին բազմաթիվ կոնվենցիաները:

Ադրբեջանական կողմը փոխադարձ հիմունքներով պատրաստ է նույնպիսի երաշխիքներ տրամադրել նաև իր տարածքում բնակվող անձանց նկատմամբ: Հայերը պատրաստ են նույնը անել Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիների նկատմամբ բոլոր կոնվենցիաների կիրառման առումով։

Հարցերը հեշտ չեն։ Հուսով եմ, որ այսօրվա քննարկումները կօգնեն դրական լիցք հաղորդել բանակցային գործընթացին այս և այլ ուղղություններով: Այս փուլում առավել մոտ արդյունք է դիտվում այն եռակողմ աշխատանքային խմբում պայմանավորվածության ձեռքբերումը, որը գլխավորում են երեք փոխվարչապետները, որոնք զբաղվում են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կոնկրետ հարցերի համաձայնեցմամբ: Այս համատեքստում հեռանկարներ կբացվեն նաև տրանսպորտային ոլորտում հեռանկարային նախագծերի իրականացման համար, որոնք արդեն ունեն ոչ միայն տարածաշրջանային, այլև ավելի լայն բնույթ:

Պայմանավորվեցինք փորձել վերսկսել երկխոսությունը երկրորդ «ուղու» շուրջ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, փորձագետ-քաղաքագետների միջև։ Նաև հույս ունենք (առաջարկել ենք դա այսօր) սկսել եռակողմ երկխոսություն խորհրդարանականների գծով։

Ակնկալում ենք, որ բանակցությունների գործընթացը կշարունակվի։ Հասկանում ենք թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմի հետաքրքրությունը՝ միջնորդներ օգտագործելու ոչ միայն ի դեմս Ռուսաստանի Դաշնության, այլ նաև մյուսների։ Ողջունում ենք նրանց ցանկությունը, ովքեր անկեղծորեն շահագրգռված են օգնել Բաքվին և Երևանին գտնել պայմանավորվածություններ, ովքեր, ինչպես և մենք, աշխատում են այդ ուղղությամբ։ Բայց չպետք է լինեն այս կամ այն պայմանավորվածություններն արհեստականորեն պարտադրելու փորձեր՝ ոչ թե հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերից ելնելով, այլ հանուն լրատվամիջոցների գեղեցիկ վերնագրերի, հանուն աշխարհաքաղաքական և ներքաղաքական նկատառումների։

Մեր գործընկերները շնորհակալություն հայտնեցին մեզ այս նախաձեռնության համար։ Շարունակելու ենք եռանդուն աշխատանքը հետագա հանդիպումների նախապատրաստման ուղղությամբ, այդ թվում՝ այս տարի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հերթական գագաթնաժողովն անցկացնելու ծրագրեր կան»,- ասված է մեկնաբանությունում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ