Հույս ունենք հնարավորինս արագ համաձայնության հասնել խաղաղության տեքստի շուրջ և ստորագրել այն. Փաշինյան

Աննա Կոստանյան 22.05.2023 - 13:13
22.05.2023 - 13:13 դիտում

Ռազմաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում մնում է լարված, ՀՀ Կառավարությունն այդ լարվածությունը հաղթահարելու առաջնային մեթոդը համարում է խաղաղության օրակարգի առաջմղումը: Մայիսի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի շուրջ ինտենսիվ բանակցություններ են ընթանում, և մենք հույս ունենք հնարավորինս արագ համաձայնության հասնել տեքստի շուրջ և ստորագրել այն:

Միջազգային հանրության ընկալումն ավելի ու ավելի շատ է հակվում այն բանաձևին, որ Հայաստանն ու Ադրբեջանն առանց վերապահումների պետք է ճանաչեն միմյանց, համապատասխանաբար, 29.800 քառակուսի կիլոմետր և 86․600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, և Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների ու անվտանգության ապահովման շուրջ Բաքվի և Ստեփանակերտի միջև պետք է տեղի ունենա երկխոսություն»,- ասաց վարչապետը։

Վարչապետն ընդգծեց՝ Հայաստանը համաձայն է այս տրամաբանությանը և բանակցությունները վարում է այս տրամաբանությամբ՝ ընդգծելով, որ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության երաշխավորման միջազգային մեխանիզմները չափազանց կարևոր են։

«Միևնույն ժամանակ համոզված եմ, որ Հայաստանի անվտանգության ապահովման ռազմավարական երաշխիքը խաղաղությունն է, որը հնարավոր է բոլոր հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու միջոցով։ Սա ամենևին էլ հեշտ գործընթաց չէ, բայց, կարծում եմ՝ այն է, ինչ ուզում և ակնկալում է մեր ժողովուրդը»,- ասաց Փաշինյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ