Եկեղեցու շուրջ այս խոսակցություններով, այդ թվում՝ տարբեր շրջանակներ ներկայացնող լրատվամիջոցների կողմից տարածվող, փորձ է արվում ներկայացնել, թե իբր սա եկեղեցու դեմ է, բայց սա հանուն եկեղեցու, հանուն արժանապատվության, հանուն հայ ժողովրդի նորմալ եկեղեցի ունենալու է կատարվում: Եվ այս քայլերը բերելու են միանշանակ դրան: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին գրառմանը, որում նա նշել էր, թե առաջնորդելու է «Հիսուս Քրիստոսի տունն ազատագրելու» գործընթացը:
«Չի կարող բարոյականությունն արտահայտվել մարդկանց կողմից, որոնք չեն կատարում իրենց ուխտը: Չի կարող նման բան լինել: Մենք մինչև հիմա չենք լսել այն մարդկանց, ում հարցադրումն արվել է, մասնավորապես՝ կաթողիկոսին արված հարցադրման պատասխանը չենք լսել: Իրավունք ունենք, չէ՞, իմանալու այդ պատասխանը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է եկեղեցին թիրախավորելուն, ապա Արշակյանը կարծում է, որ գործընթացը վերագրվում է անձանց, ոչ թե համակարգին. «Եթե նույնիսկ վերագրվում է [համակարգին], ապա դա առողջացման պրոցես է: Հույս ունենք՝ եկեղեցին ինքնառողջացման պրոցեսով կանցնի»:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում էր արել՝ կարծիք հայտնելով, որ «Հիսուս Քրիստոսի տունը, Միածնի իջման վայրը զավթված է» և «պետք է ազատագրվի»։ Նա նաև հայտարարել էր, որ առաջնորդելու է այդ «ազատագրումը»: