Հույս ունեմ, որ Բաքվից հնչող հայտարարությունների նպատակը դիտավորյալ խաղաղության գործընթացը փակուղի մտցնելը չէ. Փաշինյան

Աննա Կոստանյան 17.01.2024 - 18:31
17.01.2024 - 18:31 դիտում

Հույս ունեմ, որ Բաքվից հնչող հայտարարությունների նպատակը դիտավորյալ խաղաղության գործընթացը փակուղի մտցնելը չէ: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններին:

«Ես ինքս եմ արձանագրել, որ Հայաստանն ու Ադրբեջանը խոսում են դիվանագիտական տարբեր լեզուներով: Ո՞րն է մեր անելիքը. մեր անելիքը դիվանագիտական լեզուները՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի, համապատասխանեցնելն է լեգիտիմությանը»,- ասաց վարչապետը:

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, թե ո՛րն է ՀՀ-ի լեգիտիմ սահմանը, վարչապետն արձագանքեց. «Ես գիտեմ՝ որտեղով են անցնում ՀՀ սահմանները, դուք էլ գիտեք, բոլորը գիտեն, և ՀՀ-ն ունի միջազգայնորեն ճանաչված սահմաններ: Այդ սահմանները 1991 թվականի դեկտեմբերի դրությամբ գոյություն ունեցած սահմաններն են, և 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրով խորհրդային հանրապետությունների միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները վեր են ածվել պետական սահմանների: Եվ նաև սա է պատճառը, որ մենք ասում ենք, որ դելիմիտացիայի գործընթացը նոր սահման չի ստեղծելու, որովհետև արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ այդ սահմանները պետք է վերարտադրվեն քարտեզների վրա, թղթի վրա և տեղանքում՝ համաձայն 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի»,- ասաց նա, ապա հավելեց, որ նկատի ունի՝ նախ տարածքը սահմանի վերարտադրության միջոցով պետք է արձանագրվի, վերարտադրվի:

«Իսկ սահմանները հայտնի են քաղաքական առումով, տեխնիկական առումով էլ, մեծ հաշվով, հայտնի են, մնում է աշխատանքային պրոցեսի ընթացքում դա վերարտադրել»,- ասաց նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ