Հուլիսի 1-ից Երևանում, Գյումրիում և Վանաձորում կենսաթոշակը կվճարվի անկանխիկ եղանակով

Աստղիկ Խաչատրյան 10.06.2021 - 11:32
10.06.2021 - 11:32 դիտում

Կառավարության որոշմամբ, հուլիսի 1-ից Երևանում, Գյումրիում և Վանաձորում կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների վճարման գործընթացում փոփոխություն է իրականացվում, և գումարները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունները կիրարկելու վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը:

«Նշված փոփոխություններով սահմանվել է, որ կենսաթոշակը 2021 թվականի հուլիսի 1-ից Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում վճարվելու է անկանխիկ եղանակով, բանկի կամ ազգային օպերատորի միջոցով՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Օրենքով նախատեսված դեպքերն են. երբ թոշակառուն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ է, կամ լրացել է կենսաթոշակառուի 75 տարին, կամ երբ կենսաթոշակը վճարվում է լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասի»,- նշեց Ստեփանյանը:

Ըստ նրա՝ 56 հազար 433 քաղաքացի դեռ կանխիկ եղանակով է թոշակը ստանում, և այս օրենքը հնարավորություն կտա, իրենց ցանկությամբ, կենսաթոշակները ստանալ նաև անկանխիկ եղանակով:

Եթե անձը ցանկանա կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալ ազգային օպերատորի միջոցով, ապա պետք է ազգային օպերատորի հետ կնքի էլեկտրոնային փողի հաշվառման, հաշվի բացման և համալրման պայմանագիր և պայմանագիր կնքած լինելու վերաբերյալ հավաստող տեղեկանքը ներկայացնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման: Ծրագիրն ինքնաշխատ եղանակով է ընտրելու վճարող կազմակերպությունը, եթե քաղաքացին մինչև 2021 թվականի հուլիս չի կատարում ընտրություն:

Հայաստանի մյուս խոշոր քաղաքներում օրենքն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից, 1000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղերում՝ 2023-ին, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում՝ 2023-ին:

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն էլ հավելեց, որ կենսաթոշակառուն ստանալու է բանկային քարտ կամ «ՀայՓոստի» կողմից տրամադրվող քարտ, և կենսաթոշակներն ամբողջապես փոխանցվելու են այդ հաշվեհամարներին: Ըստ նրա՝ կենսաթոշակառուները հնարավորություն են ունենալու քարտից օգտվելով որևէ տեղ չայցելել, քարտով ստանալ գումարները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ