Հորդանանի արտգործնախարարը Իսրայելից պահանջել է դուրս բերել ոստիկանական ուժերը Ալ-Աքսա մզկիթից

15.04.2022 - 19:00 դիտում

Իսրայելը պետք է անհապաղ դուրս բերի ոստիկանական ուժերն ու հատուկ ջոկատայիններին Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի տարածքից։ Իսրայելի իշխանություններին նման պահանջով ուրբաթ դիմել է Հորդանանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Այման աս-Սաֆադին:

Փոխվարչապետը նախազգուշացրել է էսկալացիայի վտանգավոր հետևանքների մասին և Իսրայելի կառավարությանը պատասխանատու համարել Տաճարի լեռան անվտանգության համար։

Փոխվարչապետի խոսքով՝ Հորդանանը «կձգտի ապահովել Արևելյան Երուսաղեմի հավատացյալների մուտքն իսլամական սրբավայրեր առանց սահմանափակումների՝ Ռամադան մուսուլմանական պահքի ժամանակ»։

Պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը հայտնել է, որ Իսրայելի բանակի զինվորներն այսօր առավոտյան աղոթքից հետո ներխուժել են Ալ-Աքսա մզկիթի բակեր՝ հավատացյալների նկատմամբ ռետինե փամփուշտներ, ձայնային և արցունքաբեր գազով նռնակներ կիրառելով:

Ոստիկանության հետ բախումների ժամանակ տուժել է 153 արաբ, ևս 30-ին ռետինե փամփուշտներից ստացած վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոցներ։

Ալ-Աքսա մզկիթի իմամ շեյխ Աքրամ Սաբրին հայտնել է, որ Երուսաղեմի մզկիթի բակում տեղի ունեցած բախումների պատճառը հրեա վերաբնակիչների սադրանքն էր, որոնց աջակցում էին Իսրայելի անվտանգության ուժերը: Նա, միաժամանակ, դատապարտել է արաբական պետությունների լռությունը Տաճարի լեռան վրա տեղի ունեցող իրադարձությունների հարցում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ