Հնարավոր եղավ Հայաստանի և Ադրբեջանի ըմբռնումները մոտեցնել. Լավրովը՝ եռակողմ հանդիպման մասին

Աննա Կոստանյան 19.05.2023 - 18:38
19.05.2023 - 18:38 դիտում

Այսօր Մոսկվայում տեղի ունեցան Լավրով-Բայրամով, Լավրով-Միրզոյան և եռակողմ՝ Լավրով-Միրզոյան-Բայրամով, հանդիպումները՝ նվիրված Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին, ինչպես նաև ԼՂ հարցի կարգավորմանը։ Այժմ մեկնարկել է Բայրամով-Միրզոյան հանդիպումը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ քննարկման առանձին թեմա է եղել խաղաղության պայմանագիրը։ Կողմերը սկսել են աշխատել դրա ուղղությամբ, և այժմ այն ​​ակտիվորեն քննարկվում է, այդ թվում՝ այլ միջնորդների ներգրավմամբ։ Նա հիշեցրել է, որ մինչ այս հանդիպումը, Հայաստանի և Ադրբեջանի նախարարները մեկնել էին Վաշինգտոն, մեկ շաբաթ առաջ Բրյուսելում էին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները։

«Խաղաղության պայմանագրի ուղղությամբ աշխատանքը, իհարկե, հիմնարար է: Խաղաղության պայմանագրով և մի շարք հոդվածներով, որոնք այսօր քննարկվեցին, հնարավոր եղավ երկու կողմերի փոխըմբռնումը մոտեցնել ընդհանուր տեսլականին: Բայց մեր գործընկերներն այսօր հաստատեցին, որ առանց սահմանազատման, տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերի լուծման, առանց Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության իրավիճակի ընդհանուր բարելավման դժվար է առաջ շարժվել խաղաղության պայմանագրի կոնկրետ ասպեկտներում»,- հայտարարել է Լավրովը։

Լավրովը տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ տեղի կունենա փոխվարչապետների գլխավորած եռակողմ խմբի նիստ՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով։ ՌԴ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ արդյունքը դրական կլինի։ Կողմերն արդեն մոտ են վերջնական համաձայնության։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ