ՀՀ և Հունաստանի ԱԺ նախագահները քննարկել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս խորհրդարանական ձևաչափում համագործակցության հեռանկարները

Աստղիկ Խաչատրյան 20.10.2021 - 22:49
20.10.2021 - 22:49 դիտում

Հոկտեմբերի 20-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների համաժողովին ընդառաջ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալվել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Կոստանտինոս Տասուլասին:

Հունաստանի խորհրդարանի նախագահը, ողջունելով ՀՀ ԱԺ նախագահին, շեշտել է երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության կարևորությունը: Խոսելով համատեղ ծրագրերից՝ նա առանձնացրել է ԵՄ գործընկերության շրջանակում իրականացվող քույր «Թվինինգ» ծրագիրը: Նրա գնահատմամբ՝ Հայաստանի և Հունաստանի խորհրդարաններն այս ծրագրի իրականացման հաջողված և օրինակելի փորձ են կուտակել:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և համաժողովին մասնակցության հրավերի համար՝ ՀՀ ԱԺ նախագահն ի դեմս հույն գործընկերոջ՝ շնորհավորել է բարեկամ հույն ժողովրդին Հունաստանի՝ Օսմանյան կայսրությունից ազատագրման ազգային հեղափոխության 200-ամյակի կապակցությամբ:

Կողմերը փաստել են, որ հայ-հունական միջպետական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են՝ ընդգծելով երկկողմ բազմոլորտ հագեցած օրակարգի առկայությունը: ՀՀ ԱԺ նախագահը մեծապես կարևորել է Հայաստանի և Հունաստանի խորհրդարանների համագործակցությունը՝ ընդգծելով բարեկամական խմբերի գործունեության դերակատարությունը:

Ալեն Սիմոնյանը հավաստիացրել է, որ Հայաստանը շահագրգիռ է խթանելու միջխորհրդարանական փոխգործակցությունը երկկողմ և բազմակողմ հարթակներում:

Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս խորհրդարանական ձևաչափում եռակողմ համագործակցության հեռանկարները: Կողմերն անդրադարձել են 44-օրյա պատերազմից հետո առկա իրադրությանը:

Այս համատեքստում ՀՀ ԱԺ նախագահն առանձնահատուկ կարևորել է Հունաստանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո կարգավորելու հարցում:

Հանդիպման ավարտին կողմերը հանդես են եկել ճեպազրույցով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ