Մենք պետք է ընդլայնենք լավ ապրելու մասին մեր պատկերացումների շրջանակը և ճշգրտենք այդ շրջանակը: Ինչ է նշանակում լավ ապրել: Իհարկե, անհատական մակարդակով յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր անհատ ինքն է որոշում՝ ինչ է նշանակում լավ ապրել: Դիոգենեսը, օրինակ՝ ապրում էր տակառի մեջ, որովհետև համարում էր, որ դա է կյանքի կատարյալ ձևը:
Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2024-ի բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ մենք պետք է ձևակերպենք՝ ինչ է նշանակում լավ ապրել:
«Քանի որ մեր Կառավարության խոսույթում մարդու երջանկությունը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում, կարծում եմ՝ պետք է ձևակերպել նաև՝ ինչ է նշանակում լավ ապրել: Լավ ապրել, իմ կարծիքով, նշանակում է՝ լինել երջանիկ: Իսկ ե՞րբ է անհատը երջանիկ: Իմ կարծիքով՝ անհատը երջանիկ է, երբ ազատ է, պաշտպանված է, առողջ, ստեղծագործ է, ունի սոցիալական միջավայր, սիրված աշխատանք, որի վաստակով՝ հասանելիություն առողջ սննդին, առողջ ապրելակերպին, անհրաժեշտ կենցաղային պայմաններին, պարբերաբար ճամփորդում է, սիրված է, հարգված է, հաղորդակից է հոգևոր կյանքին և/կամ մշակույթին:
Բայց ինչի համար եմ սա ասում պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ:
Հարգելի գործընկերներ, ասում եմ սա ի պատասխան նաև այն հարցի, որը շատ երկար ժամանակ հնչում է, թե ինչ է երջանկությունը, ոնց է կառավարությունը ապահովելու երջանկությունը և այլն:
Այս ձևակերպումները տվեցի հետևյալ հետևությունը անելու համար՝ ՀՀ քաղաքացիների երջանկությունը ՀՀ պետական բյուջեի ծախսային հոդվածների որոշակի ուղղություն է և որոշակի տրամաբանություն»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն այնուհետև փորձեց հիմնավորել իր ասածը:
«Մարդը երջանիկ է, երբ ազատ է: Ազատությունը նշանակում է ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, իրավունքի պաշտպանություն, և դրանք բոլորն այս կամ այն չափով արտահայտված են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում»,- նշեց Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց՝ մենք պետք է հասկանանք, որ պետական բյուջեն ամենուր է: Այս տեսության համաձայն՝ երջանիկ լինելու համար պետք է լինել պաշտպանված՝ ունենալ ոստիկանություն, դատական համակարգ, արդյունավետ ԱԱԾ, պաշտպանունակ բանակ, ամուր դիվանագիտություն, որակյալ օրենսդրություն, որի վրա կարելի է հույս դնել:
«Ցանկը կարելի է շարունակել, բայց ինչ էլ անունը դնենք, ցանկացած արտահայտություն պետական բյուջեի ծախսային հոդված է կամ ծախսային հոդվածի բացակայություն, կամ ծախսային հոդվածի բավարար չափ, կամ ծախսային հոդվածի անբավարար չափ, կամ որակյալ բյուջետային ծախս, կամ անորակ բյուջետային ծախս»,- պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը: