Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանը լինի բարեկեցին և բարեկամ երկիր: Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակը:
Անդրադառնալով Հայաստանում պետական հեղաշրջման փորձի մասին ՀՀ վարչապետի հայտարարությանը՝ նա ընդգծել է՝ դա Հայաստանի ներքին գործն է:
«Մենք, իհարկե, շահագրգռված ենք, որ Հայաստանում պահպանվի օրինականությունը և հանգստությունը, և որ Հայաստանը լինի բարեկեցիկ, կայուն և բարեկամ երկիր»,- ասել է Պեսկովը, հավելելով՝ Հայաստանը Ռուսաստանի համար կարևոր դաշնակից է, և երկու երկրներն ունեն շատ զարգացած, բազմապրոֆիլ հարաբերություններ:
Պեսկովը նշել է, որ Մոսկվան կապի մեջ է Երևանի հետ, այդ թվում՝ կալանավորված Սամվել Կարապետյանի հարցով, քանի որ նա ՌԴ քաղաքացի է:
Կրեմլի խոսնակն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին, հույս հայտնել, որ նոր էսկալացիա չի լինի, իսկ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները կամբողջացվեն։
«Երկրները շատ մոտ են պայմանագրի շուրջ աշխատանքի ավարտին։ Այդ պայմանագիրը անհրաժեշտ է տարածաշրջանում մթնոլորտի կայունության և անվտանգության համար», – ասել է Պեսկովը, հավելել՝ ՌԴ-ն պատրաստ է անել հնարավորը՝ այդ գործընթացին նպաստելու համար: