– Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը կրկին անդրադարձել է Հայաստանի կողմից սպառազինության և տեխնիկայի ձեռքբերմանը՝ դա անվանելով զանգվածային միլիտարիզացիա:
– Եթե համեմատենք Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ծախսերը թե՛ բացարձակ թվերով, թե՛ համաչափությամբ, թե՛ ձեռք բերվող սպառազինությունների տեսակներով, կտեսնենք, թե ով է զանգվածային միլիտարիզացիա իրականացնում: Ընդհակառակը, Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը հայտարարում է, թե չի պատրաստվում միայն բանակի վրա հիմնված անվտանգության հայեցակարգ որդեգրել, և անվտանգության իր հայեցակարգի կարևոր մասն է համարում հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը, խաղաղության հաստատումը տարածաշրջանում: Իսկ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը հայտարարում է, թե իրենց հիմնական անելիքը ռազմական կարողությունների հզորացումն է:
Ավելորդ չէ հիշեցնել, որ Հայաստանը բազմիցս Ադրբեջանին առաջարկել է և հիմա էլ առաջարկում է սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմներ ստեղծել, և Ադրբեջանն այդ առաջարկը թողնում է անարձագանք՝ ավելի ու ավելի ագրեսիվ հռետորաբանություն որդեգրելով Հայաստանի Հանրապետության նկատմամբ:
Վերահաստատում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը, բացի հնարավոր ագրեսիաներից պաշտպանվելուց, այլ, այսինքն՝ հարձակողական օրակարգ չունի: Մինչդեռ Ադրբեջանը հանդես է գալիս Հայաստանի Հանրապետությանն ուղղված գրեթե ամենօրյա սպառնալիքներով:
– Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է նաև, թե Հայաստանը համաշխարհային առաջնորդներին ուղղված քարոզչություն է տանում՝ նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովին չմասնակցելու ուղղությամբ: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:
– Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ հոկտեմբերի 4-ի իմ մեկնաբանության մեջ բարձրացված հարցերին Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը որևէ կերպ չի արձագանքել: Այդ հարցերը հետևյալն էին. արդյո՞ք Ադրբեջանը ագրեսիա է նախապատրաստում Հայաստանի Հանրապետության նկատմամբ, արդյո՞ք հրաժարվում է ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, արդյո՞ք հրաժարվում է խաղաղության օրակարգից: Պաշտոնական Բաքվի ագրեսիվ հռետորաբանությունը, համաձայնեցված հոդվածները ներառող Խաղաղության պայմանագիր ստորագրելու առաջարկները մերժելը հայաստանյան և միջազգային շատ փորձագետների ստիպում են եզրակացնել, որ Ադրբեջանը COP29-ն օգտագործելու է իր կողմից իրադրությունն առաջիկայում էսկալացնելու լեգիտիմության ծխածածկույթ ստեղծելու համար: Նման վերլուծությունների թիվն ընդ որում, գնալով շատանում է: Շատ վերլուծաբաններ այն կարծիքին են, որ նման հեռանկարը բացառելու համար անհրաժեշտ է COP29-ից առաջ ստորագրել Խաղաղության պայմանագրի համաձայնեցված բովանդակությունը, այլապես առանց դրա Բաքու մեկնող առաջնորդները կարող են ակամա դառնալ պատերազմի հրձիգներ: Հայաստանն էլ իր հերթին ասում է, որ պատրաստ է մինչև COP29 խաղաղության պայմանագիր ստորագրելու տրամաբանությանը: Ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանել է COP29-ը Բաքվում անցկացնելու որոշումը՝ որպես կողմերի միջև վստահության և տարածաշրջանում խաղաղության հաստատման գործիք, և չէինք ցանկանա, որ այն հակառակ նպատակով օգտագործվեր: