ՀՀ-ում վարակների ակտիվ շրջան է. 3 շաբաթում 9000 հոգի դիմել է պոլիկլինիկա, հոսպիտալացված երեխաների տոկոսը մեծ է

25.01.2025 - 15:22 դիտում

Հայաստանն այս պահին գտնվում է գրիպի և սուր-շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվության շրջանում։

Առողջապահության նախարարության ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ 2025 թվականի երրորդ շաբաթվա ընթացքում առողջության առաջնային պահպանման օղակ է դիմել 9 հազար 197 պացիենտ, որը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 1․2 անգամ։ Ընդհանուր դեպքերի 70․2 տոկոսը արձանագրվել է 0-18 տարեկանների շրջանում։

«Առողջության առաջնային կենտրոն թոքաբորբով դիմել է 1134 պացիենտ, ինչը նախաորդ շաբաթվա համեմատ աճել է 1․3 անգամ, իսկ նախորդ ժամանակահատվածի համեմատ՝ 2․8 անգամ։ Ընդհանուր դեպքերի 69 տոկոսը կազմում են 0-18 տարեկանները։ Հոսպիտալացված 864 պացիենտներից 92․2 տոկոսը կազմում են 0-18 տարեկան երեխաները, իսկ թոքաբորբով հոսպիտալացված 542 պացիենտից 63․8 տոկոսը՝ 0-18 տարեկանները»,- մանրամասնում է նա։

Վերջինիս խոսքով՝ վերակենդանացման բաժանմունքներում թոքաբորբով և ծանր շնչառական վարակներով բուժում է ստանում 62 պացիենտ, որից 48-ը՝ 0-18 տարեկան են։ Այսինքն՝ ցուցանիշներից պարզ է դառնում, որ սուր շնչառական վարակներով վարակվածության դեպքերի մեծ մասն այս պահին բաժին է ընկնում երեխաներին։

Այս համատեքստում Աբովյանը արձագանքում է այն լուրերին, թե բժշկական հաստատություններում հոսպիտալացված երեխաների թիվը անհանգստացնող է:

«Չի կարելի ասել, որ հիվանդանոցները երեխաներով լեփ-լեցուն են։ Այստեղ այլ բան կա․ մեծահասակները, երբ հիվանդանում են, չեն դիմում բժշկական կենտրոններ, փորձում են ինքնաբուժությամբ զբաղվել, իսկ երեխաների պարագայում նման ռիսկի չեն գնում, անմիջապես ահազանգում են կենտրոն, դիմում են բժշկի։ Ստացվում է, որ դեպքերի մեծ մասը երեխաներն են։ Բայց, իհարկե, երեխաները ընդհանուր առմամբ հիմնական թիրախն են վարակների, ինչպես նաև 65-ից բարձր տարիքային խումբ ունեցող անձինք»,- պարզաբանում է նա:

Այժմ Հայաստանում հիմնականում շրջանառվում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակի վիրուսը, ասում է մասնագետը։ Հունվարի մեկից մինչ այս պահը հայտնաբերվել են նաև ռինովիրուս, կորոնավիրուս, ռեսպիրատոր-սինցիտիալ վիրուսը. «Վիրուսի ախտանշանները՝ H1N1-ի, տևում են մի քանի ժամից մինչև 3 օր։ Հատկապես ակտիվ է առաջին փուլը, երբ անձը ախտանշաններ ունի, սակայն, միևնույն է, գնում է աշխատանքի, հյուր, շփվում այլ մարդկանց հետ և տարածում վարակը»:

Աբովյանը հիշեցնում է, որ չպետք է այս վիրուսը շփոթել «խոզի գրիպ»-ի հետ․ սա սեզոնային գրիպի տեսակ է, որը փոխանցվում է մարդուց մարդ, այլ ոչ թե՝ խոզից մարդուն, ինչպես 2009 թվականի համավարակի դեպքում էր․ «H1N1 գրիպի ենթատեսակի հարուցիչը H1N1 վիրուսն է, որը 2009 թ-ին Մեքսիկայում «խոզի գրիպի» համաճարակի բռնկման պատճառ դարձավ։ 2010 թ-ին ԱՀԿ-ն հայտնեց համաճարակի ավարտի մասին, իսկ H1N1-ը վերածվեց սեզոնային գրիպ հարուցող շտամներից մեկի։ Երբ սկսվեց փոխանցվել մարդուց մարդ, ունեցանք ծանր և մահվան դեպքեր, և դրանից հետո այն դարձավ սեզոնային գրիպ»։

H1N1-ի ախտանշանները հետևյալն են՝ բարձր ջերմություն, մկանացավ, գլխացավ, դող, սրտխառնոց, փորլուծություն, հարբուխ։ Ընդհանուր առմամբ ախտանշանները նույն են, տարբեր են օրգանիզմի արձագանքն ու իմունային համակարգը։ Գրիպի այս տեսակի խոցելի խմբերը հղիներն են, 6 ամսականից մինչև 4 տարեկան երեխաները, խրոնիկ հիվանդություններ ունեցողները, 65-ից բարձր տարիքի անձինք։

Շնչառական վարակները բազմազան են, դրանց ախտանշանները՝ նույնպես՝ սկսած պարզապես քթահոսությունից, կոկորդի ցավից, գլխացավերից, մկանացավերից։ Գրիպը առավել ծանր է ընթանում:

«Այս ցուցանիշները կանխատեսում էինք։ Սա սեզոնային բնույթ ունի։ Հինգից յոթ տարին մեկ ՍՇՎ-ները բարձր ակտիվություն են ցուցաբերում, մենք նաև գտնվում ենք այդ օրինաչափության մեջ։ Դեպքերի շատ լինելը կապ ունի նաև ուշ դիմելության հետ։ Մարդիկ մնում են տանը, ծանրացած վիճակում դիմում են բժշկական կազմակերպություններ։ Երբ դիմում են առողջապահության առաջնային օղակ, կանխվում են հոսպիտալացման դեպքերը։ Այս ակտիվությունը կունենանք մինչև մայիս ամիսը»,- նկատում է նա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ