ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ներկայության հարցում Սլովակիայի աջակցությունն էական է եղել. Փաշինյան

Աննա Կոստանյան 26.05.2025 - 15:42
26.05.2025 - 15:42 դիտում

Մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը շատ լայն է, բայց վարչապետ Ֆիցոյի առաջարկով մենք որոշեցինք վերցնել մի քանի առաջնորդող ուղղություններ, և այդ ուղղությունների վրա կենտրոնանալով՝ նոր հնարավորություններ բացել նաև մեր երկկողմ հարաբերությունների այլ օրակարգերի համար: Այդ մասին Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պիտի ընդգծեմ, որ այս այցը, իհարկե, շատ խոսուն վկայությունն է մեր երկրների միջև ակտիվ քաղաքական երկխոսության, և ես ուզում եմ պարոն վարչապետին շնորհակալություն հայտնել աջակցությունների համար: Այո՛, հենց աջակցություններ, որ վերջին տարիներին Սլովակիան տրամադրել է Հայաստանին, մասնավորապես՝ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը, որտեղ Սլովակիայի աջակցությունն էական է եղել, նաև եվրոպական խաղաղության գործիքի ծրագրերում Հայաստանի Հանրապետության մասնակցության առումով:

Իհարկե, հիմա նաև ակտիվ բանակցային փուլ է վիզաների ազատականացման հարցով ԵՄ-ի հետ, և մենք շնորհակալ ենք այս հարցում նույնպես Սլովակիայի ցուցաբերած աջակցության համար»,- ասաց նա:

Փաշինյանը նա տեղեկացրեց, որ երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են առաջիկա համագործակցությունը կենտրոնացնել մի քանի ուղղությունների վրա, որից մեկը քաղաքական երկխոսությունն է:

ՀՀ-ԵՄ հարաբերությունների համատեքստում շատ մեծ օրակարգ կա էներգետիկ ոլորտում համագործակցության, մասնավորապես, ըստ վարչապետի, խոսքը միջուկային էներգիայի ոլորտին է վերաբերում:

«Նաև մենք քննարկեցինք ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունները, և այդտեղ նույնպես տեսնում ենք որոշակի հնարավորություններ: Հույս ունեմ և համոզված եմ, որ այս այցի արդյունքներով բոլոր այդ ուղղություններով մենք կունենանք կոնկրետ օրակարգեր և կոնկրետ նախագծեր»,- ասաց նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ