ՀՀ-ում բուժումը շարունակում է ԼՂ-ից տեղահանված 234 անձ. 76-ի վիճակը ծանր է, 11-ինը՝ ծայրահեղ ծանր

Աննա Կոստանյան 11.10.2023 - 16:58
11.10.2023 - 16:58 դիտում

ԱՍՀՆ-ն գործարկել է հարթակ՝ https://dimum.ssa.am, որում ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են մուտքագրել իրենց անուն-ազգանունները և ճշտել՝ արդյոք պետության կողմից տրամադրված դրամական աջակցության շահառո՞ւ են: Հարթակում կարելի է ծանոթանալ անչափահասների դիմումների կցագրման ընթացքին: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Անդրադառնալով երեխաների հաշվառման գործընթացին՝ նա տեղեկացրեց, որ շուրջ 30 հազար անչափահաս արդեն իսկ հաշվառված է համակարգում, նրանցից 21690-ի դիմումներն արդեն իսկ մուտքագրված են, և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից այժմ դրանք մշակման փուլում են, և առաջիկա օրերի ընթացքում նրանք կտեղեկացվեն՝ արդյոք ներկայացված դիմումները բավարարվե՞լ են:

ԼՂ-ից բռնի տեղահանված 12 167 երեխա ընդգրկված է ՀՀ կրթական հաստատություններում: Ըստ մարզերի՝ բաշխվածությունն ունի հետևյալ պատկերը. Սյունիքում՝ 504, Վայոց ձորում՝ 243, Գեղարքունիքում՝ 586, Արարատում՝ 1710, Կոտայքում՝ 2124, Արագածոտնում՝ 564, Արմավիրում՝ 1045, Շիրակում՝ 486, Լոռիում՝ 702, Տավուշում՝ 364, Երևանում՝ 3839:

Նազելի Բաղդասարյանը նաև տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ հայաստանյան տարբեր առողջապահական հաստատություններում բուժումը շարունակում է 234 անձ: Նրանցից 76-ի վիճակը ծանր է, 11-ինը՝ ծայրահեղ ծանր: 7 երեխայի վիճակը միջին ծանրության է, նրանց բուժումը շարունակվում է:

Ինչ վերաբերում է առողջապահական առաջնային օղակում գրանցումներին, ապա 21 743 անձ արդեն իսկ կցագրվել է ամբուլատորիաներում և պոլիկլինիկաներում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ