ՀՀ-ն և Եգիպտոսը կարևորում են տարածաշրջանում արտաքին միջամտությունների չեզոքացման անհրաժեշտությունը

Գոհար Ստեփանյան 15.09.2020 - 11:45
15.09.2020 - 11:45 դիտում

Նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին սեպտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար պարոն Սամեհ Շուքրիի և Կահիրեում Հայաստանի դեսպանի ներկայությամբ: Այս մասին հաղորդում է Եգիպտոսի նախագահի պաշտոնական կայքը։

Եգիպտոսի նախագահի մամուլի խոսնակը հայտնել է, որ նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին ողջունել է Հայաստանի արտգործնախարարի այցը Կահիրե՝ խնդրելով նրան իր հարգանքներն ու ողջույնները փոխանցել Հայաստանի նախագահին: Նախագահ Ալ-Սիսին ընդգծել է Եգիպտոսի և Հայաստանի միջև առանձնահատուկ պատմական հարաբերությունները և վերահաստատել Եգիպտոսի ձգտումը՝ ամրապնդելու երկու երկրների միջև տարբեր մակարդակներում համատեղ համագործակցությունը՝ երկու բարեկամ ժողովուրդների ընդհանուր շահերին հասնելու համար:

Իր հերթին, պարոն Մնացականյանը ՀՀ նախագահի ողջույնները փոխանցեց Նախագահ Ալ-Սիսիին՝ ընդգծելով, որ իր երկիրը հպարտանում է երկու երկրների միջև սերտ և կառուցողական համագործակցությամբ, առավել ևս, որ Եգիպտոսի հոծ հայ համայնքը մեծ հարգանք է վայելում: Հայաստանի արտգործնախարարը նաև բարձր գնահատեց Եգիպտոսի հայտնի դիրքորոշումը, նրա տարածաշրջանային և միջազգային ազդեցության լծակները և տարածաշրջանում առանցքային դերակատարությունը։ Նա նաև ընդգծեց Հայաստանի փոխադարձ շահագրգռվածությունը երկու երկրների միջև համատեղ համագործակցության ամրապնդման հարցում, հատկապես զբոսաշրջության, մշակույթի, առևտրի և տնտեսական ոլորտներում:

Մամուլի խոսնակը հավելել է, որ հանդիպման ընթացքում նրանք կարծիքներ են փոխանակել մի շարք տարածաշրջանային հարցերի շուրջ, այդ թվում Լիբիայում, Սիրիայում, Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունների և պաղեստինյան հարցի շուրջ: Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում արտաքին միջամտությունների չեզոքացման կարևորությունը, որոնք միտված են սեփական շահերի համար ուղղակի օգուտների ձեռքբերմանը՝ անվտանգության, կայունության և ժողովուրդների ներուժի հաշվին:

Նրանք նաև քննարկել են երկու երկրների միջև երկկողմ համագործակցության որոշ ուղղություններ, ներառյալ փոխադարձ ներդրումային հնարավորությունների ընդլայնումը, առևտրաշրջանառության բարելավումն ու ընդլայնումը, հատկապես դեղագործական արդյունաբերության, տեխնիկական կրթության և զբոսաշրջության ոլորտներում: Նրանք նաև ընդգծել են համապատասխան հաստատությունների միջև տեղեկատվության համակարգման և փոխանակման կարևորությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ