ՀՀ-ն չի պատրաստվում վերաֆորմատավորել դաշնակցային հարաբերությունները ՌԴ-ի հետ. Միրզոյան

Աստղիկ Խաչատրյան 21.05.2025 - 14:18
21.05.2025 - 14:18 դիտում

Հարցին՝ պատրաստվո՞ւմ ենք վերաֆորմատավորել մեր դաշնակցային հարաբերությունները ՌԴ-ի հետ, ուզում եմ շատ ուղիղ պատասխանել՝ ո՛չ: Մեր պարտավորությունները, իրավունքները և մեր մտադրությունները միմյանց նկատմամբ հստակ գրված են թղթի վրա, ստորագրված են, վավերացված են, և դրանք որևէ մեկը չի լուծարել: Այդ մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ-ն փնտրելու է ռազմավարական նոր գործընկերներ Եվրոպայում:

«Միևնույն ժամանակ հայտնի են հայաստանյան կողմի մտահոգություններն այն մասին, որ նախատեսված միջոցառումները, մեխանիզմները ոչ անպայմանորեն միշտ և ոչ անպայմանորեն ամբողջությամբ կամ սահմանված կարգով աշխատել են: Բայց սա բոլորովին այլ հարց է: Այստեղ կարող ենք քննարկել սահմանված մեխանիզմների արդյունավետ գործարկման հարցը, բայց հարց՝ այդ մեխանիզմները և, ընդհանրապես, հարաբերությունները վերաֆորմատավորելու մասին, մեր օրակարգում չկա:

Իհարկե կան նաև հարաբերություններ բազմակողմ միավորումների շրջանակներում, օրինակ՝ ՀԱՊԿ-ի: Այստեղ ևս հայաստանյան կողմի մեկնաբանությունը, գնահատականը գաղտնիք չէ:

Այսօր որևէ նոր հայտնագործություն չեմ անի, եթե ասեմ՝ մենք բավարարված չենք ՀԱՊԿ-ի՝ շատ կոնկրետ իրադարձություններին տված արձագանքով: Հայտնի է, որ մենք սառեցրել ենք մեր գործունեությունը այդ կազմակերպության շրջանակներում: Այս պահին գոնե ավելի հեռուն գնացող հետևություններ չէի անի:

Բայց ուզում եմ արձանագրել նաև՝ համաձայնելով նախարար Լավրովի հետ, որ մեր քննարկումները շատ կառուցողական են, շարունակական են: Այդ քննարկումներն ունեն կոմպոնենտ խնդրահարույց հարցերի, ունեն կոմպոնենտ դրական դինամիկա ունեցող հարցերի, առողջ գործընկերային հարաբերություններ և առողջ գործընկերային քննարկումներ»,- ասաց նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ