ՀՀ-ն որդեգրել է խաղաղության օրակարգ՝ առաջարկելով տարածաշրջանի բոլոր երկրներին համագործակցել. Ալեն Սիմոնյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում

18.11.2023 - 16:08 դիտում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում: Ստորև ներկայացնում ենք ԱԺ նախագահի ելույթը.
«Մեծարգո՛ պարոն վարչապետ,
Հարգարժա՛ն տիկին նախագահ,
Հարգելի՛ պատվիրակներ, հյուրեր,
Տիկնայք և պարոնայք,
Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համար մեծագույն պատիվ է հյուրընկալել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը: Երախտագիտություն եմ հայտնում նստաշրջանը Երևանում հյուրընկալելու մեր հրավերն ընդունելու կապակցությամբ:
Այս տարվա ԵԱՀԿ նախագահության կարգախոսն ամբողջությամբ ընդգծում է այն արժեքը, որի վրա պետք է սևեռված լինի մեր բոլորի ուշադրությունը: Այն է՝ «Սա մարդկանց մասին է»: Ցավալիորեն, ԵԱՀԿ ամբողջ տարածաշրջանը շարունակում է ցնցվել հակամարտություններից, և միլիոնավոր մարդիկ տառապում են պատերազմի ու հումանիտար ճգնաժամերի հետևանքով, և այս խորհրդարանական համաժողովի քննարկման ու բանավեճի թեման, իսկապես, չափազանց կարևոր ՝ ո՞րն է մեր դերը ճգնաժամի այս օրերին և ինչպե՞ս ենք մենք պատրաստվում հակազդել ներքին և արտաքին մարտահրավերներին:
Հարգելի՛ գործընկերներ,
Ցավոք, Հարավային Կովկասը եւս, արդեն տասնամյակներ շարունակ և հատկապես՝ վերջին տարիներին, բախվում է անվտանգային լուրջ մարտահրավերների, և Հայաստանը՝ որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ ու այս տարածաշրջանի դերակատար, փորձում է գտնել այն բանաձևը, որը հնարավորություն կտա մեր տարածաշրջանի երկրներին խաղաղ գոյակցել և այստեղ ապրող մարդկանց զերծ պահել տառապանքներից: Այդ բանաձևի կարևորագույն բաղադրիչներից մեկը ժողովրդավարությունն է:
2018 թվականի թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխությունից հետո ժողովրդավարական բարեփոխումները և ժողովրդավարական արժեքների ընկալումը մեր երկրում դարձել են անշրջելի: Հայաստանը վստահ քայլում է այդ ուղղությամբ այն ընկալմամբ, որ ժողովրդավարությունը նաև անվտանգության կարևորագույն երաշխիք է: Այս գործընթացը բավականին բարդ է, սակայն մենք իրականացրել ենք լայնածավալ բարեփոխումներ՝ ամրապնդելու ժողովրդավարական ինստիտուտները և արժեքները: Այդ բարեփոխումների շարքում առանցքային տեղ է զբաղեցնում կոռուպցիայի դեմ պայքարը, որը լինելու է այս համաժողովի քննարկման հիմնական թեմաներից մեկը: Մենք վճռական ենք հաղթահարելու բոլոր խոչընդոտներն ու արգելքները և շարունակելու Հայաստանի ժողովրդավարացման ուղին:
Տիկնայք և պարոնայք,
ցավալիորեն, մեր տարածաշրջանում ժողովրդավարությունը չափազանց խոցելի է արտաքին մարտահրավերների կողմից, և ես ցանկանում եմ այս հնարավորությունն օգտագործել եւս մեկ անգամ ձեր ուշադրությունը հրավիրելու Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգային սպառնալիքներին և տիրող իրավիճակին: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 2023 թվականի Վանկուվերի հռչակագրում դուք, հարգելի՛ գործընկերներ, շատ հստակ և աներկբա ամրագրել էիք ձեր դիրքորոշումը, որ մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի, սակայն հռչակագրի ընդունումից հետո տարածաշրջանում անվտանգային իրավիճակը վատթարացել է:
Այս տարվա սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ հարձակման և էթնիկ զտումների հետևանքով մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 100.000 հայ ստիպված է եղել լքել Լեռնային Ղարաբաղը:
Ես և իմ մի շարք գործընկերներ երկար ժամանակ ահազանգել ենք միջազգային հանրությանը, որ Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության հեռանկարը գնալով ավելի ու ավելի իրատեսական է դառնում՝ 2022 թվականի դեկտեմբերին Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումից հետո: Սակայն միջազգային հանրությունը համարժեք միջոցներ չձեռնարկեց, և մենք ունենք այն, ինչ ունենք այսօր:
Ինձ համար չափազանց ցավալի է այս արձանագրումն անել այս դահլիճում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, երբ փոխանակ վերարժևորելու մեր ժողովրդի պատմությունը և վերապրած փորձություններն ու նայելու առաջ, մենք ստիպված ենք առերեսվել պատմության գրեթե նույնական կրկնության՝ 21-րդ դարում: Հույս ունեմ, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված հայերի հումանիտար խնդիրները եւս կդառնան այս վեհաժողովի քննարկման առարկա:
Հարգելի՛ գործընկերներ,
Մենք չենք ընկրկում դժվարությունների առաջ, և Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է խաղաղության օրակարգ՝ առաջարկելով տարածաշրջանի բոլոր երկրներին կարգավորել հարաբերությունները և համագործակցել:
Հայաստանի կառավարությունն իր ժողովրդից ստացել է մանդատ`խաղաղություն բերելու և ապագա սերունդների համար խաղաղ համակեցության դարաշրջանը հնարավոր դարձնելու համար: Հենց այդ պատճառով էլ Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում և ավելորդ է ասել, որ հարևանների հետ խաղաղության ձգտումը միակողմանի գործընթաց չէ:
Այն բոլոր դժվարություններից հետո, որոնց միջով անցել են Հարավային Կովկասի ժողովուրդները վերջին տասնամյակներում, այսօր պատմական հնարավորություն կա խաղաղություն հաստատելու Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Հայաստանն անկեղծորեն շահագրգռված է նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմամբ և սահմանների ու կոմունիկացիաների բացմամբ և առանց նախապայմանների ներգրավվել է բանակցությունների մեջ: Ես մեծ հույս ունեմ, որ այս բանակցությունները տեսանելի ապագայում կտան ցանկալի արդյունքներ:
Մեր տարածաշրջանը խաղաղության կարիք ունի, և Հայաստանի Հանրապետության տեսլականը լավագույնս արտահայտված է «Խաղաղության Խաչմերուկ» անունը կրող նախագծում, որը պետք է արտահայտվի հետևյալ կերպ. տարածաշրջանի բոլոր երկրներն ապրում են բաց սահմաններով, ճանապարհներով և ենթակառուցվածքներով, կապված են ակտիվ տնտեսական, քաղաքական, մշակութային կապերով, կուտակել են բոլոր հարցերը դիվանագիտության և երկխոսության գործիքներով լուծելու փորձ ու ավանդույթ: Մենք աջակցության հույս ունենք ոչ միայն տարածաշրջանային երկրներից, այլև միջազգային գործընկերներից և հանրությունից, որպեսզի Հարավային Կովկասի տարածաշրջանն իրապես դարձնենք խաղաղության խաչմերուկ:
Հարգելի՛ հյուրեր,
Թույլ տվեք ևս մեկ անգամ ողջունել ձեզ մեր երկրում: Մաղթում եմ ձեզ արդյունավետ նիստ: Վստահ եմ, որ այս օրերի ընթացքում այս սրահում և նրա պատերից դուրս կունենաք հաճելի շփումներ և հետաքրքիր քննարկումներ, որոնք կբխեն մեր երկրների բոլոր քաղաքացիների հետաքրքրություններից և շահերից:
Շնորհակալություն»,- ասված է ելույթում:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ