Սամվել Կարապետյանի հայտարարությունն արժանացել է համարժեք գնահատականի: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի տանը երեկ երեկոյան տեղի ունեցած խուզարկությանը և դրա պատճառներին:
«Մեր երկրում շատերը կամ ոմանք ժողովրդավարությունը փորձում են նույնացնել թուլության հետ: Ես ասում եմ՝ նրանք, ովքեր կփորձեն ժողովրդավարությունը թուլության հետ շփոթել, պետության համը կմնա նրանց բերաններում»,- հայտարարեց նա:
Հարցին՝ ով ասի, որ եկեղեցու կողքին է կանգնած, արժանանալու է նույն ճակատագրի՞ն, Փաշինյանը պատասխանեց. «Ով ասի, եթե քաղաքական գործիչները և ճանապարհները չաշխատեն, մենք մեր ձևերով կմասնակցենք, արժանանալու են»:
Վարչապետը նաև տեղեկացրեց, որ 1 ամիս առաջ 1 ամիս ժամկետով Կառավարության անդամներին տվել էր հանձնարարական, որ ՀԷՑ-ի կողմից ժողովրդին հասցված վնասը պետք է վերականգնվի:
«ՀԷՑ-ն իր գործունեության արդյունքում Հայաստանում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել: Հիմա նաև վերլուծությունը հիմք է տալիս մտածելու (առնվազն թույլ չի տալիս հրաժարվել այդ մտքից), որ այդ ամեն ինչը արվել է և արվում է Հայաստանում ներքին հանրային դժգոհություն գեներացնելու համար:
Բայց ես տվել էի հնաձնարարական, որ 1 ամսվա ընթացքում կա՛մ պետք է հստակ ժողովրդին հասցված վնասը վերականգնելու մեխանիզմներ ներդրվեն, կա՛մ ՀԷՑ-ը պետք է ազգայնացվի, այսինքն՝ պետականցվի: Իմ հանձանարարակնաի օրը լրանում է հունիսի 21-ին, և ես այս ակտիվացումը ուղիղ կապում եմ իմ այդ հանձնարականի, այդ որոշման հետ, որովհետև Կառավարության անդամները սկսել էին աշխատել, ՀԷՑ-ին հստակ ուղերձներ տվել էին, որ հստակ հաշվարկում ենք՝ ժողովրդին ինչ վնաս եք հացրել, ոչ միայն ժողովրդին, այլև պետական և մասնավոր կազմակերպություններին, որովհետև որ գյուղ գնում եմ, որ համայնք գնում եմ, մարդիկ համատարած իմ առաջ ուղիղ հարց են դնում, ասում են՝ հոսանքն անջատվել է, մի հատ լվացքի մեքենա ունեինք, վառվել է, մի հատ սառնարան էինք առել, վառվել է, հեռուստացույց ունեինք, վառվել է: Ո՞վ է պատասխանը տալու»,- ասաց Փաշինյանը՝ հիշելով, որ Լոռու մարզ իր այցի ժամանակ որտեղ մտել է, լույսերն անջատվել են:
Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի ազգայնացմանը, ապա, ըստ Փաշինյանի, այս հարցով ամենարագ և արդյունավետ գործելու տեղն Ազգային ժողովն է, և որ այժմ մասնագետներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկում են ՀԷՑ-ն ազգայնացնելու մասին օրենքի նախագիծն ԱԺ բերելու հարցը:
«ՀՀ-ում քաղաքական գործունեություն կարող է ծավալել յուրաքանչյուր անձ: Բայց եթե մի կողմ է դրվում քաղաքական գործունեությունը, մյուս կողմում դրվում է «իր ձևով» մասնակցությունը, ՀՀ-ն կկասեցնի ցանկացածի՝ «իր ձևով» որևէ հարց լուծելը»,- հայտարարեց Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ քննչական մարմիները գործողությունների վերաբերյալ կտան համապատասխան գնահատական:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Ֆեյսբուքի էջում գրառում էր արել՝ տեղեկացնելով, թե հասունացել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ազգայնացնելու պահը: