ՀՀ նախագահը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ

Աննա Կոստանյան 10.11.2020 - 16:36
10.11.2020 - 16:36 դիտում

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։

Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման վերաբերյալ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարությանն ու դրա դրույթներին:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը համազգային նշանակության և կարևորության հարց է, և, բնական է, որ դրան առնչվող ցանկացած որոշման ընդունում, առավել ևս՝ որևէ փաստաթղթի ստորագրում առաջացնում է մարդկանց կտրուկ արձագանքն ու հաճախ նաև ընդվզումը:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և հատկապես Ռուսաստանի Դաշնության կարևոր միջնորդական դերը պատերազմական գործողությունների դադարեցման գործում:

Հանդիպմանը կարևորվել է անվտանգության և կայուն խաղաղության անհրաժեշտությունը ողջ տարածաշրջանում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ