ՀՀ-ին 92,3 մլն եվրոյի վարկ և 16 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրվի «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամից»

Աստղիկ Խաչատրյան 28.03.2024 - 20:03
28.03.2024 - 20:03 դիտում

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կանաչ, կայուն և ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնություն» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 92,300,000 եվրո արժողությամբ վարկ և 16 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով դրամաշնորհ՝ «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամից»:

Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2024 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, հետևաբար վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից: Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված՝ մի շարք ոլորտներում միջոցառումների և բարեփոխումների իրականացումը:

Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է՝ կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանում, շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավում, հավասարության ամրապնդում և մարդկային կապիտալի զարգացման խթանում, հակակոռուպցիոն շրջանակի և արդարադատության ոլորտի արդյունավետության հզորացում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ