ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Աստղիկ Խաչատրյան 10.05.2024 - 20:35
10.05.2024 - 20:35 դիտում

Մայիսի 9-ին Հունգարիայի Վարպալոտա քաղաքի մոտ գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում տեղի է ունեցել «Քաջարի մարտիկ-2024» ռազմաբժշկական զորավարժության ամփոփման արարողությունը, որին մասնակցում էր նաև ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության ենթակայությամբ գործող 2-րդ մակարդակի դաշտային շարժական հոսպիտալը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Զորավարժության փակման հանդիսավոր միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը և ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության պետ, բ/ծ գնդապետ Գեղամ Փաշիկյանը:

Ամփոփման արդյունքներով՝ ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի, իսկ զորավարժությանը մասնակից, լավագույն արդյունքներ ցուցաբերած զինծառայողները խրախուսվել են ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի ղեկավար, գնդապետ Լացլո Ֆազեկասի կողմից։

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալը նաև հրավեր է ստացել մասնակցելու հաջորդիվ կայանալիք նմանատիպ զորավարժությանը, որի պլանավորման աշխատանքներն արդեն մեկնարկել են։

Զորավարժության ընթացքում ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալը ՆԱՏՕ-ի փորձագետների կողմից համապատասխան ընթացակարգերով նաև ենթարկվել է ՆԱՏՕ-ի չափորոշիչներով բժշկական գնահատման, որի նախնական արդյունքներով հոսպիտալը ճանաչվել է «Փոխգործակցելի», ինչը հնարավորություն է ընձեռում դաշտային շարժական հոսպիտալը հետագայում ներգրավել խաղաղապահ բազմազգ տարբեր առաքելությունների։

Զորավարժության փակման հանդիսավոր արարողության ընթացքում հանդիպումներ են կազմակերպվել նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների բժշկական ծառայության ղեկավարների հետ, և քննարկվել են հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր։
Հիշեցնենք, որ «Քաջարի մարտիկ-2024» ռազմաբժշկական զորավարժությանը մասնակցում են 32 երկրի և քաղաքացիական 7 կազմակերպությունների ավելի քան 1600 ներկայացուցիչներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ