ՀՀ զինված ուժերը համալրվել են տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով. Սուրեն Պապիկյան

Աննա Կոստանյան 15.03.2023 - 14:18
15.03.2023 - 14:18 դիտում

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը:

«2022 թվականի հուլիսին ընդունված օրենսդրական փոփոխությունների արդյունքում վերանայվել են  պաշտպանության ոլորտում պետական կառավարման  մարմինների լիազորությունները, ռազմաուսումնական հաստատություններն ավարտած սպայական կազմի համար սահմանվել է անհատույց օգտագործման իրավունքով բնակարան ստանալու իրավունքը:

2022 թվականի դեկտեմբերին ընդունված օրենսդրական փոփոխություններով սահմանվել է մարտական խնդիրների իրականացմանն առնչվող պայմանագրային զինծառայողների ատեստավորման նոր համակարգ, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության փոխադրման նոր կարգ՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը»,- ասաց Պապիկյանը:

Պապիկյանը հիշեցրեց, որ ընդլայնվել է նաև վարժական հավաքների անցկացման շրջանակը՝ դրանց տևողությունը 25 օր սահմանելու միջոցով մի քանի անգամ ավելի պահեստազորայիններ ընդգրկելու նպատակով:

«Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերը համալրվել են տարբեր տեսակի ԱԹՍ-ներով, հակատանկային միջոցներով, ՀՕՊ միջոցներով և դրանց արդիականացված համակարգերով, թրթուրավոր և անվավոր ինժեներական տեխնիկայով, ականազերծման լրակազմով, քողարկման ցանցերով, կապի միջոցներով, օպտիկական սարքերով, նռնականետներով, տարբեր տեսակի զինամթերքով և այլ տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով, որոնք այստեղ ներկայացնելու կարիք չեմ տեսնում»,- ասաց պաշտպանության նախարարը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ