ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալբանիայի նախագահ Իլիր Մետային

7.06.2022 - 20:58 դիտում
Ալբանիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն Ալբանիայի Հանրապետության նախագահ Իլիր Մետային այսօր՝ հունիսի 7-ին, հանձնել է իր հավատարմագրերը:
Պաշտոնական արարողությանը հաջորդած հանդիպման ընթացքում Ալբանիայի նախագահը շնորհավորել և հաջողություն է մաղթել ՀՀ դեսպանին՝ վստահություն հայտնելով, որ իր ջանքերը կներդնի երկկողմ հարաբերությունների առավել զարգացման գործում:
Դեսպան Տիգրան Մկրտչյանը նշել է, որ երկու երկրները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցություն հաստատելու մեծ ներուժ ունեն, և հույս հայտնել, որ մոտ ապագայում հայ-ալբանական համագործակցության օրակարգն ավելի կընդլայնվի, կդրվեն երկկողմ իրավապայմանագրային դաշտի հիմքերը:
Միաժամանակ դեսպանը նշել է, որ իր գործունեության առանցքում լինելու են ոչ միայն քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորացումը, այլ նաև մշակութային և գիտակրթական ոլորտներում առկա ներուժի կիրառումը։
Այդ համատեքստում դեսպանն ընդգծել է, որ Ալբանիայի մայրաքաղաքում «Թումո Տիրանայի» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությունն իր ուրույն դերակատարությունն ունի ինչպես երկու երկրների միջև գիտական և տեխնոլոգիական ոլորտում համագործակցության, այնպես էլ երկու երկրների երիտասարդության, ապագա սերունդների կապերի ամրապնդման գործում:
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են բազմակողմ ձևաչափում առկա փոխադարձ աջակցությունը։
Նախագահ Իլիր Մետան հաջողություններ է մաղթել դեսպան Մկրտչյանին Ալբանիայում դիվանագիտական առաքելության իրականացման գործում և արտահայտել իր աջակցությունն այդ առաքելությանը:
Ալբանիայի նախագահը նաև կարևորել է Ալբանիայի հայ համայնքի դերը` երկու երկրների միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ