ՀՀ ԱԳ նախարարը բուլղար իր պաշտոնակցին է ներկայացրել Բուլղարիա ՀՀ քաղաքացիների այցելությունների ժամանակ առաջացող խնդիրները

Աստղիկ Խաչատրյան 27.09.2024 - 20:49
27.09.2024 - 20:49 դիտում

Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ-ի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի ԱԳ նախարար Իվան Կոնդովի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հարաբերությունների ընդլայնման հարցեր՝ թե՛ քաղաքական երկխոսության խորացման, թե՛ կոնկրետ ուղղություններով համագործակցության հետագա զարգացման միջոցով:

Ի թիվս այլ ոլորտների, առանձնանշվել է տնտեսական և զբոսաշրջության զարգացման ուղղությամբ սերտ համագործակցության կարևորությունը: Այս համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է Բուլղարիա ՀՀ քաղաքացիների այցելությունների ժամանակ առաջացող խնդիրները՝ կարևորելով դրանց հասցեագրումն ի նպաստ մարդկանց միջև շփումների հետագա խթանման:

Արարատ Միրզոյանը նաև գոհունակությամբ նշել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը և դրանից դրական ակնկալիքները: Ինչպես նաև անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի այլ թեմաների:

Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանը միտված նախագծերը: Այս համատեքստում նախարար Միրզոյանն անդրադարձել է նաև Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

Նախարարն իր գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու ՀՀ տեսլականը, այդ թվում նաև՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման մասով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ