ՀԷՑ-ը որևէ պլանային անջատում իրավունք չունի իրականացնել՝ առանց նախապես բաժանորդներին զգուշացնելու. ՀԾԿՀ նախագահ

Աստղիկ Խաչատրյան 14.05.2025 - 15:57
14.05.2025 - 15:57 դիտում

Հայաստանի էլեկտրական ցանցերը որևէ պլանային անջատում իրավունք չունի իրականացնել՝ առանց նախապես բաժանորդներին զգուշացնելու: Եթե ունենք այդպիսի փաստեր, դրանք հանձնաժողովի կողմից ենթակա են ուսումնասիրման ու տվյալ ընկերության նկատմամբ համապատասխան տույժեր կիրառելու: Բայց քանի որ հիվանդանոցներն ու նմանատիպ կառույցները պետության մեջ համարվում են առաջին կարգի սպառողներ, ճիշտ կլինի, որ իրենք ունենան ոչ միայն երկրորդային սնուցում, այլև դիզել գեներատորներ:

Այս մասին խորհրդարանում հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը ոլորտի՝ 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը ներկայացնելիս պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին, որը վերաբերում էր բուժհաստատություններում էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումներին:

Մեսրոպյանի խոսքով՝ ինքը տեղյակ է պատգամավորի բարձրացրած հարցի նրբություններին:

Ըստ նրա՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն չի ազատվում իր համապատասխան պարտավորություններից, եթե չզգուշացնի պլանային անջատումներից առաջ:

Ինչ վերաբերում է կապի ոլորտում առկա խնդիրներին, նկատեց՝ մենք հաճախ ուրախությամբ նշում ենք, որ հանրապետությունում բավական բարձր տոկոս ծածկույթ ունենք, բայց դա վերաբերում է ընդհանուր տարածքի ծածկույթին՝ այս կամ այն օպերատորի միջոցով, սակայն դա չի նշանակում, ցավոք, որ մեր բոլոր օպերատորները համապատասխան տոկոսի ալեհավաքներ կամ սարքավորումներ ունեն:

Պատգամավորը հարց էր ուղղել միջպետական ճանապարհներին տեղ-տեղ կապի բացակայության առկայության մասին:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց՝ վերոնշյալ հարցը իրենց ուշադրության կենտրոնում է:

«Մեր օպերատորների հետ ունենք նման քննարկում, որպեսզի կարողանանք գալ համաձայնության՝ մեկը մյուսի սարքավորումներից օգտվելու հնարավորություն տալ, որ սովորական բաժանորդները նման խնդրի առաջ չկանգնեն: Կփորձենք սա հասցնել իր տրամաբանական ավարտին, որովհետև նման բողոքները վերջին շրջանում էլ ավելի են սրվում»,- նշեց նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ