Հետհեղափոխական 7 տարիների ընթացքում ՀՀ պետբյուջե մուտք է եղել հավելյալ 4,2 մլրդ դոլար. Փաշինյան

Աննա Կոստանյան 15.04.2025 - 11:19
15.04.2025 - 11:19 դիտում


Միայն 2024 թվականի արդյունքներով ՀՀ պետական բյուջեի եկամուտներն ավելի քան կրկնապատկվել են՝ ավելանալով 1,3 տրիլիոն դրամով: Սա այսօրվա փոխարժեքով ավելի քան 3,3 մլրդ դոլար է: Այսինքն՝ հեղափոխությունից հետո միայն 2024 թվականին Հայաստանի պետական բյուջե մուտք է եղել հավելյալ 3,3 մլրդ դոլար: Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 15-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս:

«Պետք է ընդգծել, որ ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը նախորդող տարիներին նույնպես Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն աճ են ունեցել, և սա որևէ մեկը չի կարող ժխտել: Բայց 2018 թվականի հեղափոխությունը բյուջեի աճին նոր տեմպ է տվել, ու բոլոր միջինացված թվերը հանած՝ միայն հեղափոխության բերած տեմպի շնորհիվ ՀՀ պետական բյուջե 2018-2024 թվականը լրացուցիչ մուտք է եղել ավելի քան 1 տրիլիոն 684 մլրդ դրամ կամ 4,2 մլրդ դոլար: Սա, կրկնում եմ, այն գումարն է, որ պետական բյուջե մուտք է եղել նախորդող շրջանի, մասնավորապես՝ 2011-2017 թվականների բյուջեի աճի միջինացված թվերից ավելի: Այսինքն՝ հետհեղափոխական 7 տարիների ընթացքում ՀՀ պետական բյուջե մուտք է եղել հավելյալ 4,2 մլրդ դոլար, և սա, ուշադրությո՛ւն դարձրեք, քովիդի, համավարակի և պատերազմի տարվա ներառմամբ:

Այս թվի մեջ, բնականաբար, պետական պարտքը ներառված չէ (պետական պարտքը չի հաշվառվում ընդհանրապես պետական բյուջեի եկամուտ), այս թվի մեջ չեմ ներառել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից պետական բյուջեին փոխանցված գումարները: Այսինքն՝ խոսքը բյուջեի մաքուր հեղափոխական եկամտի մասին է:

Սա ասում եմ նաև այն քննադատություններին ի պատասխան, թե մեր կառավարությունը հեղափոխությամբ եկավ իշխանության և մոռացավ թալանածը հետ բերելու խոստումը: Բա այս 4,2 մլրդ դոլարը օդի՞ց է ընկել, սիրելի՛ ժողովուրդ»,- ասաց նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ