Հետաքրքրված ենք հայ-թուրքական սահմանի բացմամբ և հարաբերությունների հաստատմամբ. Միրզոյան

25.05.2022 - 19:16 դիտում

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարց ուղղեց Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ ու հետաքրքրվեց, թե արդյոք առաջիկայում հնարավո՞ր է հանդիպում տեղի ունենա Հայաստանում կամ Թուրքիայում:

«Ես մեծ կարևորություն չեմ տալիս հանդիպման վայրին, չեմ բացառում, որ ինչ-որ պահի, երբ գործընթացը շոշափելի հաջողություններ սկսի արձանագրել, այդպիսի հանդիպումներ լինեն նաև Անկարայում և Երևանում:

Այս պահին կարող եմ ասել, որ, ցավալիորեն, որքան էլ հանրային խոսքի մակարդակում ասվում է, որ գործընթացն առանց նախապայմանների է, այնուամենայնիվ, մեր թուրք գործընկերները որոշակիորեն սինխրոնացնում են այս գործընթացն Ադրբեջանի հետ տեղի ունեցած մեր գործընթացի հետ: Սա, իհարկե, կառուցողական հավելյալ արժեք չի հաղորդում գործընթացին, ավելի կառուցողական չի դարձնում մթնոլորտը:

Քննարկումները շարունակվում են: Այս պահին որևէ էական, շոշափելի արդյունք, ցավոք սրտի, չկա: Հուսով եմ, որ առաջիկայում կկարողանանք այդպիսի արդյունքներ ունենալ:

Մենք հաստատակամ ենք ու անկեղծ մեր հրապարակային հայտնած դիրքորոշման մեջ, հետաքրքրված ենք սահմանի բացմամբ և հարաբերությունների հաստատմամբ:

Կուզեինք նույնը տեսնել թուրքական կողմից: Թուրքիայի արտգործնախարարի զանազան ժեստերը չեն նպաստում այդ գործընթացին»,- ասաց Միրզոյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ