Հարկերից խուսափելու 3 դեպքով պետությանը պատճառվել է 179 միլիոն դրամի վնաս․ ՔՈԳՎ բացահայտումները

Աննա Կոստանյան 30.05.2025 - 15:56
30.05.2025 - 15:56 դիտում

ՆԳՆ-ն տեղեկացնում է, որ բացահայտվել են հարկերից խուսափելու դեպքեր։

«Բազմաբնակարան շենք կառուցապատող մի ընկերություն 2023-25 թվականների ընթացքում Երևանի Վրացական փողոցում օտարել է ընդհանուր 134 ավտոկայանատեղի և 1 բնակարան` առուվաճառքի պայմանագրում նշելով իրական արժեքից անհամեմատ ցածր գին։ Այդ կերպ խուսափել է հարկային պարտավորությունից՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 118 միլիոն 258 հազար դրամի վնաս:

Հարկեր չվճարելու մեկ այլ բացահայտում էլ արձանագրվել է Կոտայքի մարզում։ Արզնի գյուղից Աբովյան քաղաք տանող ճանապարհին գործող ավտոգազալիցքավորմամբ զբաղվող մի ընկերություն 2024 թվականի հունվարից 2025 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում հարկային մարմիններից թաքցրել է փաստացի ձեռք բերված և իրացված գազի իրական ծավալները՝ չվճարելով 43 միլիոն դրամից ավելի հարկ:

Մյուս դեպքով օտարվել են բեռնափոխադրում իրականացնող և միմյանց հետ փոխկապակցված երկու սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հաշվեկշռում գտնվող 14 բեռնատարներ։

Առուվաճառքի պայմանագրերում նշվել են տրանսպորտային միջոցների իրականությանը չհամապատասխանող ցածր գներ։ Այս եղանակով հարկերից խուսափելու հետևանքով պետությանը պատճառվել է ընդհանուր 17 միլիոն 248 հազար դրամի վնաս:

Երեք դեպքով էլ նախաձեռնվել են քրեական վարույթներ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ