Հարկային տեսուչին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար

Աստղիկ Խաչատրյան 30.12.2021 - 16:54
30.12.2021 - 16:54 դիտում
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է ՀՀ ՊԵԿ ավագ հարկային տեսուչի կողմից տնտեսվարողից կաշառք ստանալու դեպք:
Մասնավորապես, գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊԵԿ ՀՎԸՀ տարածքային բաժնի ավագ հարկային տեսուչ Տիգրան Կարապետյանը համապատասխան ՍՊ ընկերությունում ստուգայցի ժամանակ, ի թիվս գրանցված աշխատակիցների, նկատել է փաստացի աշխատանք կատարող անձի:
Հարկային տեսուչը, սակայն, սահմանված կարգով նրա տվյալները չի ներառել ստուգման պահին փաստացի աշխատանք կատարող անձանց ցուցակում և միջոցներ չի ձեռնարկել` պարզելու նշված ընկերությունում հիշյալ աշխատակցի գրանցված լինելու հանգամանքը: Արդյունքում Տ. Կարապետյանը ընկերության սեփականատիրոջից վերջինիս որդու օժանդակությամբ ստացել է 160.000 ՀՀ դրամ կաշառք:
Այնուհետև տեսուչը նրան հայտնել է, որ առաջիկա օրերի ընթացքում ևս մեկ այցելություն պետք է կատարի նշված ընկերություն` նման կերպ բացահայտելով կրկնակի այցելություն կատարելու հարկային մարմնի մտադրությունը և հնարավորություն տալով տնտեսվարողին չգրանցված աշխատակիցներ ունենալու պարագայում խախտումը թաքցնել հարկային մարմնից:
Կաշառք ստանալու համար հարկային տեսուչ Տիգրան Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 1-ին մասով:
Նրա վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ