Հաստատվել է Պետական գույքի կառավարման 2021-2023 թվականների ծրագրի կատարման 2023 թվականի տարեկան հաշվետվությունը

Աննա Կոստանյան 23.05.2024 - 16:32
23.05.2024 - 16:32 դիտում

Գործադիրը հաստատել է Պետական գույքի կառավարման 2021-2023 թվականների ծրագրի կատարման 2023 թվականի տարեկան հաշվետվությունը: Որոշման նպատակն է տրամադրել պետական գույքի կառավարման ծրագրում ընդգրկված ընկերությունների, գույքի նկատմամբ 2023 օրացուցային տարում իրականացված գործարքների, գործընթացի մասին տեղեկությունները, ինչպես նաև ներկայացնել պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքը: Որոշման ընդունմամբ ակնկալվում է Հայաստանի Հանրապետությունում իրականացվող պետական գույքի կառավարման քաղաքականությունը և արդյունքները դարձնել առավել հրապարակային:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի զեկուցմամբ, 2023 թվականը բավականին լավ տարի է եղել, քանի որ բոլոր ուղղություններով ակնհայտ տարբերություններ կան նախորդ տարվա համեմատ: ՏԿԵ նախարարի խոսքով, մասնավորապես՝ 2023 թվականի ընթացքում պետական գույքի կառավարումից ստացված միջոցները կազմել են 15.4 մլրդ դրամ, 15.4 մլրդ դրամը նախորդ տարվանից ավելի է 6.4 մլրդ դրամով կամ 72 տոկոսով, մասնավորեցման աճը կազմում է մոտ 350 տոկոս 2022 թվականի համեմատ:

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանն իր հերթին զեկուցել է, որ բացի արդյունավետության բարձրացումից և ֆինանսական մուտքերի ավելացումից նաև մեծ աշխատանք է տարվում համակարգի ինստիտուցիոնալ զարգացման ուղղությամբ: «Այս տարի արդեն կունենանք ակնհայտ արդյունքներ այդ առումով՝ համակարգի թափանցիկության, բարձրացման, գործընթացների առավել պարզեցման տեսանկյունից: Որպես օրինակ նշեմ, որ առաջիկայում կգործարկվի օնլայն աճուրդների համակարգը: Նաև, իհարկե, հանրությանը կցանկանայի տեղեկացնել դրա մասին՝ օգտագործելով հնարավորությունը, որտեղ ամփոփված կլինեն բոլոր պետական գույքերի՝ շարժական և անշարժ գույքի օտարման, աճուրդային գործընթացները: Եվ մեկ հարթակի միջոցով մարդիկ, ներդրողները հնարավորություն կունենան մասնակցելու այդ մրցույթներին և արդեն օնլայն միջավայրում իրականացնելու իրենց այդ գործարքները գույքի հետ կապված»,-նշել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ:

Առնակ Ավետիսյանի խոսքով, Կադաստրի կոմիտեի հետ համագործակցությամբ ազգային գեոպորտալի համակարգի պետական գույքի հատվածի զարգացման աշխատանքներ են իրականցվում, MapArmenia.am-ում երևում է պետական գույքի շերտը, Կադաստրի կոմիտեն դա հասանելի է դարձրել հանրությանը, այս տարվա ընթացքում կկլինի նաև տեղեկատվություն օտարվող գույքի վերաբերյալ: «Այսինքն՝ մեկ հարթակից մարդիկ հնարավորություն կունենան ծանոթանալու այդ գույքի պարամետրերին, նկարներին, հնարավորություններին: Այսինքն՝ այս առումով ձգտում ենք թափանցիկության հնարավորինս մեծացման, և դա, իհարկե, իր դրական ազդեցությունը կունենա ներկայացված թվերի աճի և ընդհանուր տնտեսական ակտիվության վրա»,-նշել է Առնակ Ավետիսյանը:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նախորդ հաշվետվության քննարկման ընթացքում բարձրացված հարցին, ըստ որի՝ ժամանակին օտարված կամ մասնավորեցված բազմաթիվ գույքեր մնում են նույն վիճակում և չեն կատարվում ներդրումներ: Առնակ Ավետիսյանը զեկուցել է, որ ներդրումային պարտավորությունների հսկողության կարգավորումները հստակեցնելու նպատակով 2023 թվականին ընդունվել է Ներդրումային պարտավորությունների հսկողության նոր կարգ, որով հստակ սահմանված են, թե երբ են ներդրումները համարվում կատարված, չկատարելու դեպքում՝ ինչ քայլեր են ձեռնարկվում, ինչ տուգանքներ են սահմանվում: Վարչապետը հանձնարարել է ինտենսիվ աշխատանքներ իրականացնել տնտեսությունից դուրս բերված գույքերը տնտեսություն վերադարձնելու մեխանիզմը սահմանելու ուղղությամբ:

Թեմային շրջանակում անդրադարձ է կատարվել նաև չզեկուցվող հարցերի շրջանակում ընդունված մի որոշման, ըստ որի Հայաստանի Հանրապետության սեփականություն գրանցված Գեղարքունիքի մարզի, Գավառ համայնքի, Նարեկացի 3 հասցեում գտնվող 0.431 հա հողամասը և դրա վրա կառուցված շենք-շինություններն ամրացվել են Պետական գույքի կառավարման կոմիտեին և անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով ամրացվել Գավառի մանկատանը: Զեկուցվել է, որ որոշման նպատակը մանկատան երեխաների համար կրթական, մշակութային, սպորտային միջոցառումներ անցկացնելու, ճանաչողական և ուսուցողական բնույթի հետաքրքիր ժամանց կազմակերպելն է: Որոշմամբ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել անշարժ գույքը մանկատան պահանջներին հարմարեցնելու ուղղությամբ:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը թեմայի շրջանակում զեկուցել է նաև, թե ինչ գույքեր են ամրացվել նախորդ 8 ամիսների ընթացքում Պետական գույքի կառավարման կոմիտեին. «Նշեմ, որ ընդհանուր առմամբ մեր երկու բացառիկ լիազորությունների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում պետությանն արդեն վերադարձվել է 11 մլրդ դրամի գույք և արժույթ: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակներում Հայաստանի Հանրապետության սեփականությանն է փոխանցվել 7 անշարժ և 1 շարժական գույք ընդհանուր 4 մլրդ 118 մլն դրամ արժեքով և Հայաստանի Հանրապետության սեփականությանն է փոխանցվում 609 մլն դրամ, որից 270 մլն արդեն մուտք է արված գանձապետական հաշիվ: Պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցերով վերականգնվել է ավելի քան 6 մլրդ դրամին համարժեք գույք: Նշեմ, որ հենց այսօր ուժի մեջ է մտնում հաշտություն, որը հաստատվել էր Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի կողմից Երևան քաղաքի դատախազության և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի վարույթում գտնվող քաղաքացիական գործով պատասխանող «Սոխոսենթր» ՍՊ ընկերության միջև հաշտությամբ պետությանն է վերադարձվում Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում 253.8 քմ ներքին մակերեսով տարածքները, որոնց շուկայական մոտարկված արժեքը 1 մլրդ դրամ է։ Նաև նշեմ, որ տարածքում արդեն վարձակալական հիմունքներով գործում է սրճարան, և վարձակալության պայմանագրի քննարկման արդյունքում որոշվեց պահպանել, և այսուհետ վարձակալական վճարները կստանա պետությունը՝ 5 տարի նվազագույնը, 5 տարի երկարացման հնարավորությամբ, տարեկան մոտ 38 մլն դրամ։

Նախորդ երեք նիստերով, պարոն վարչապետ, մենք երեք անտառային տարածքներ են ամրացրել Պետական գույքի կոմիտեին։ Կարճ նշեմ, դրանք 24 993 քմ մակերեսով, 20 021 քմ և 10 000 քմ մետր մակերեսով հատուկ պահպանվող կատեգորիայի հողամասեր են: Այս ցանկը դեռևս կշարունակվի: Վճիռներն ընթացքի մեջ են, ուժի մեջ մտնելու պրոցեսում են»,-զեկուցել է Աննա Վարդապետյանը:

«Այս հարցի հիշատակումը կարևոր է այն տրամաբանությամբ, որ ակնհայտ լինի բոլորին, որ կառավարությունն ապօրինի գույքի վերադարձի հետ կապված իր քաղաքական հանձնառությունները ոչ մի վայրկյան ոչ միայն չի մոռացել, այլև ստեղծվել են իրավական մեխանիզմներ, որն այլևս կառավարության գործունեության տիրույթից դուրս է: Այսինքն՝ մենք աշխատանքի քաղաքական մասն արել ենք և առնվազն ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմը, եթե չեմ սխալվում, 2022 թվականի հունվարից նոր լիարժեք սկսեց գործարկվել: Եվ ես Ձեր վերջնին զեկույցից, տիկին Վարդապետյան, իմացա, որ 1 մլրդ 350 մլն դոլարի գույքի վերաբերյալ արդեն դատական հայցեր են ներկայացված: Եվ սա այն դեպքն է, երբ մենք նախկինում ասել ենք, որ երբ կա հանրային պահանջը և այսօր էլ կա, մեր սկզբունքը հետևյալն էր, որ մենք պետք է հետևողականություն և օրինականություն ցուցաբերենք»,-ասել է կառավարության ղեկավարը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ