ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում Ազգային անվտանգության ծառայության հետ իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցավոր կազմակերպության անդամները փորձել են ձեռք բերել առանձնապես խոշոր չափերով՝ 1,9 կգ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց, որը նախատեսված է եղել Տելեգրամ հեռահաղորդակցման հավելվածում թմրամիջոցի իրացմամբ զբաղվող խանութ-հարթակի միջոցով իրացնելու համար։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։
Հանցավոր կազմակերպության 3 անդամների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը), 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու փորձը):
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։