Հանրակրթության օրենքի փոփոխությամբ էապես փոխվում են ներառական կրթության կարգավորումները. Ժաննա Անդրեասյան

Աստղիկ Խաչատրյան 28.11.2021 - 08:42
28.11.2021 - 08:42 դիտում
Հանրակրթության օրենքի փոփոխությամբ էապես փոխվում են կրթության առանձնահատուկ պայմաններին ուղղված քաղաքականությունն ու ներառական կրթության կարգավորումները։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
«Մասնավորապես, կրթության առանձնահատուկ պայմանների մասով տրվում է հետևյալ սահմանումը.
կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձ՝ խոսքի և լեզվի, հաղորդակցման, լսողության, տեսողության, ինտելեկտի (մտավոր), հուզական, վարքի, շարժունակության և այլ խնդիրներով պայմանավորված՝ ուսուցման հետ կապված դժվարություններ ունեցող անձ, որի կողմից հանրակրթական հիմնական ծրագրերը յուրացվելու համար անհրաժեշտ են կրթության առանձնահատուկ պայմաններ, ներառյալ՝ խելամիտ հարմարեցումներ։
Սրանով ֆունկցիաների խանգարման գործող մոտեցումից անցում է արվում դեպի երեխայի կրթության կազմակերպման միջավայրը՝ կախված տարբեր գործոններից։ Հատկապես կարևոր է լեզվի, հաղորդակցման, հուզական և վարքի բաղադրիչների ներմուծումը, որ թույլ է տալու երեխային հավելյալ աջակցություն տրամադրել, օրինակ, երբ կա լեզվական խնդիր, երբ առկա է հոգեբանական աջակցության կարիք ևս։
Հատուկ դպրոցի սահմանումից հանվել է հակասոցիալական վարք դրսևորող արտահայտությունը, ինչը նշանակում է, որ հակասոցիալական վարք դրսևորող երեխաների համար հատուկ դպրոց չի նախատեսվում ունենալ։
Հաշվի առնելով այն հանգամանք, որ երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը հնարավոր է միայն ծնողի դիմումի հիման վրա, այնինչ՝ մեր իրողությունն այն է, որ կան ծնողներ, որոնք խուսափում են երեխայի կարիքի գնահատում անել՝ ի վնաս երեխայի, ավելացվել է, որ կարիքի գնահատում հնարավոր կլինի իրականացնել նաև խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշմամբ։ Սա թույլ կտա կանխել երեխաների մոտ առկա խնդիրների խորացումը և վաղ փուլում միջամտել։
Ֆինանսավորման բարձրացված չափաքանակի մոտեցումը փոխարինվում է առավել բովանդակային և հասցեական մոտեցմամբ, մասնավորապես, ամրագրվում է, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով պետական բյուջեի միջոցներից տրամադրվում է նպատակային ֆինանսավորում։
Հստակեցվել են նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, ՏՄԱԿ-ների գործառույթները։ Սահմանվել է ծրագրային ապահովման և տեղեկատվական շտեմարանի ներդրման պահանջը»,- գրել է Անդրեասյանը։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ