Ազգային ժողովն այսօրվա նիստում քննարկեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության ու տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը եզրափակիչ ելույթում անդրադարձավ պատգամավորների հարցադրումներում ու ելույթներում առկա որոշ խնդիրների:
Ինչ վերաբերում է ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթին, որում խոսք էր գնում քաղաքական զսպվածության մասին, Հակոբյանը խնդրեց բոլորին քաղաքական զսպվածությունը չշփոթել ձայնազուրկ լինելու պահանջի հետ:
«Հանձնաժողովի որևէ անդամ ձայնազուրկ չէ և իրավունք ունի արտահայտել իր կարծիքը: Հակոբ Մովսեսը այն անձը չէ, որին ես պետք է պաշտպանեմ, սական պետք է հիշեցնեմ տիկին Գալստյանին, որ Հակոբ Մովսեսը մեծ պոետ է, փիլիսոփա, թարգմանիչ, որը բնագրից թարգմանել է Ռիլկե, Նիցշե, Թոմաս Ման և Կարեն Սվասյան: Եվ իր բոլոր ելույթները, որոնք հասանելի են, մեջը որևէ քաղաքական անզսպվածության տարր չկա:
Նույնը՝ իմ մասով: Ես իմ ելույթների յուրաքանչյուր տառի տակ ստորագրում եմ և կարող եմ դրանք կրկնել:
Երբ տիկին Գալստյանն ասում է, որ ես անհարգալից եմ վերաբերվում Եկեղեցուն և եկեղեցական առաջնորդներին, նա սուտ է ասում: Այն, ինչ ասել եմ Սրբազան առաջնորդի հասցեին, շատ մեղմ եմ ասել՝ քաղաքական զսպվածությունը պահպանելով»,- հայտարարեց Հակոբյանը՝ կոչ անելով երկակի ստանդարտներով չառաջնորդվել:
Ինչ վերաբերում է համացանցում գեներացվող ատելությանը, նկատեց՝ բոլորը դա փաստում են, սակայն որևէ բան չեն անում դա կարգավորելու համար:
«Ինֆորմացիան ազատ ծորում է ամեն տեղ: Վախենալ է պետք ոչ թե ընդդիմադիր մամուլից, այլ այն թշնամանքից ու ապատեղեկատվությունից, որոնք այդ կայքերը, տեղեկատվական հարթակները փոխանցում են: Եվ ես նորից կոչ եմ անում լուրջ զբաղվել և սահմանափակել այդ, այլ բառ չեմ գտնում, խայտառակությունը»,- ասաց ՀՌՀ նախագահը: