Հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց զինծառայությունից գումարի դիմաց ազատ արձակվելու նախագծին

Աննա Կոստանյան 13.06.2025 - 15:57
13.06.2025 - 15:57 դիտում

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ զինծառայությունից գումարի դիմաց ազատ արձակվելու նախագծին:

Նախքան քվեարկությունը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկեց նախագծի հեղինակին հետ քաշել այն, չընդգրկել հունիսի 17-ին մեկնարկող ԱԺ հերթական նիստերի օրակարգում, և ԱԺ բերել նախագիծն աշնանային նստաշրջանում, սակայն Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ հետ չի քաշելու նախագիծը, քանի որ այն բավականին երկար ժամանակ է, ինչ քննարկվում է:

Քվեարկության արդյունքում 4 կողմ, 4 դեմ, 1 ձեռնպահ ձայներով նախագիծը բացասական եզրակացություն ստացավ:

Հիշեցնենք, որ պատգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնած «Զինվորական ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծը ենթադրում է մի շարք կետերով գումարի դիմաց ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից: Կետերից մեկը վերաբերում է զինծառայությունից խուսափելու համար ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելուն:

Հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ներկայացնելով Կառավարության դիրքորոշումը, հայտարարեց, որ գործադիրը սկզբունքային մի քանի նկատառումներ ունի: Օրինակ, առաջարկվում է, որ յուրաքանչյուր զորակոչի հայտարարման մասին որոշման մեջ պետք է սահմանվեն տվյալ որոշմանը համապատասխան կրճատ ժամկետով ծառայության անցնելու դիմումների առավելագույն քանակ, քվոտա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ