Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիան 2025-ի աշնանը Գյումրիում դռները կբացի առաջին ուսանողների համար

Աստղիկ Խաչատրյան 27.06.2025 - 19:00
27.06.2025 - 19:00 դիտում

Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիան 2025-ի աշնանը Գյումրիում դռները կբացի առաջին ուսանողների համար: Ակադեմիան առաջարկում է ուսուցում երեք մասնագիտական ուղղություններով՝ «Խոհարարություն», «Սնունդ և խմիչք», «Հյուրանոցային վարչարարություն»՝ ներգրավելով բարձր որակավորմամբ, փորձառու, վերապատրաստված և հավաստագրված մասնագետ-դասախոսների։

Շվեյցարական կրթական մոդելով, Լոզանի հյուրընկալության դպրոցի կողմից լիցենզավորված մասնագիտական ուսուցման ծրագրին վերաբերող հարցեր քննարկվել են հունիսի 27-ին Շիրակի մարզպետարանում: Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ընդունել է Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի ներկայացուցիչներին՝ տնօրեն Խաչիկ Հակոբյանի գլխավորությամբ։

«Ուրախ եմ, որ Գյումրին է դիտարկվում որպես ակադեմիայի կրթական ծրագրի իրականացման վայր, շատ ճիշտ որոշում է, քանի որ մեր մարզկենտրոնն իսկապես զարգացող զբոսաշրջային քաղաք է, որը մեծ ներուժ ունի թե որպես կոլորիտային, թե որպես պատմամշակութային քաղաք։ Բարդ ճանապարհ կունենանք անցնելու, որպեսզի սպասարկման բնագավառում դրական փոփոխություններ լինեն, սակայն կարծում եմ հյուրանոցային և ռեստորանային ոլորտների զարգացման գործում բարձր որակավորմամբ և մրցունակ աշխատուժի ձևավորումը կբերի ցանկալի արդյունքների»,-նշեց Շիրակի մարզպետը՝ վստահեցնելով, որ մարզպետի աշխատակազմը պատրաստ է լիազորությունների շրջանակում անել հնարավորը՝ նախաձեռնությունն օր առաջ կյանքի կոչելու  համար:

Ըստ Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի ներկայացուցիչների, ակադեմիայի գործունեությունը Գյումրիում նոր դռներ կարող է բացել քաղաքի ինչպես հյուրընկալության ոլորտի զարգացման, այնպես էլ տարածաշրջանում որպես կրթական գերազանցության կենտրոն դիրքավորման համար։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ