Գոյություն ունի միջկրոնական և միջեկեղեցական դիվանագիտություն, որտեղ գործածվում է բանակցության և խոսքի ուժը, որտեղ կա բանակցություն, այնտեղ պետք է լինի դիվանագիտություն: Այս մասին «Հայ Առաքելական եկեղեցի, պետականաշինություն և արտաքին քաղաքականություն» թեմայով քննարկման ժամանակ ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
«Այդ դիվանագիտությունը մի տեսակ կարևոր համադրություն է, որը միավորում է կրոնական, մշակութային և աշխարհաքաղաքական տարերըը միասին: Այս դիվանագիտության միջոցով է, որ Հայաստանյայց առաքելական եկեղեցին բավական ակտիվ դեր է խաղում Հայաստանի արտաքին քաղաքկանության մեջ, ինչպես նաև միջազգային տրաբեր հարցերի լուծման վրա որոշակի ազդցություն ունենալով»,- ասել է նա:
Սրբազանի խոսքով՝ Հայաստանի արտաքին քաղաքականության համատեքստում Հայ Առաքելական Եեղեցու այս դերը տարբեր եկեղեցիների միջեկեղեցական և միջկրոնական կապերի միջոցով բավական ժամանակ է, որ կապում է Հայաստանի արտաքին հարաբերությունները տարբեր երկրների և տարածաշրջանների հետ, ինչպես նաև կարող է ազդել աշխարհաքաղաքական գործընթացների վրա:
«Հայ Առաքելական եկեղեցին հանդիսանում է կապող օղակ Հայաստանում և Սփյուռքում, ինչպես նաև ունի գործառույթներ՝ նպաստելու Հայաստանի նկարագրին՝ միջազգային իմիջի ամրապնդմանը: Նաև մեր եկեղեցին մշտապես իր ներդրումն է ունենում Հայաստանի արտաքին քաղաքականության որոշ որոշիչ հարցերում՝ հատկապես այն հարցերում, որոնք վերաբերում են մարդու իրավունքերի պաշտպանությանը, կրոնական ազատությունների, մշակութային ժառանգության պահպանության, Ցեղասպանության ճանաչման և ազգային ինքնության թեմաներում»,- նշել է նա: