Հայրենական մեծ պատերազմից 80 տարի է անցել

9.05.2025 - 07:05 դիտում

1941 թվականի հունիսի 22-ի լուսաբացին գերմանաֆաշիստական զորքերը ներխուժեցին ԽՍՀՄ (որի մի մասն էր նաեւ Խորհրդային Հայաստանը) տարածք։

Սկսվեց Խորհրդային Միության Հայրենական մեծ պատերազմը։

Հունիսի 22-ին ԽՍՀՄ Գերագույն սովետի նախագահությունը հայտարարեց զինապարտների (1905-18 թվականներին ծնվածների) զորահավաք։ Զինվորական օկրուգների հիման վրա ստեղծվեցին Հյուսիսային, Հյուիսարևմտյան, Արևմտյան, Հարավարևմտյան և Հարավային ռազմաճակատները։

Ընդամենը երեք շաբաթվա ընթացքում թշնամին խորացավ երկրի ներսը 300-600 կմ, գրավեց Լատվիան, Լիտվան, Ուկրաինայի, Բելառուսիայի և Մոլդավիայի (Մոլդովա) զգալի մասը, դուրս եկավ Լենինգրադի (Սանկտ-Պետերբուրգ) հեռավոր մատույցներ։

Գրեթե 4 տարի տեւած պատերազմում, որն ավարտվեց ԽՍՀՄ-ի եւ դաշնակից պետությունների հաղթանակով, զոհվեց ավելի քան 20 մլն խորհրդային քաղաքացի (երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների 40%-ը), ավերվեցին հարյուրավոր քաղաքներ, հազարավոր գյուղեր ու ավաններ։ Նյութական վնասը կազմեց 2569 մլրդ ռուբլի։

Նաև հայերը կերտեցին Հայրենականի հաղթանակը:

Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ: Հայ ազգը տվել է 4 մարշալ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով (Խամփերյանց), Աղանով և ԽՍՀՄ-ի մեկ ծովակալ՝ Իսակով։ 70 հազար հայ մարտիկներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով, 27 շարքային զինվոր դարձել է փառքի շքանշանակիր, 104 մարդ արժանացել է խորհրդային միության հերոսի կոչման: Նելսոն Ստեփանյանն արժանացել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչմանը:

«Հարսանիք լեռներում».  մայիսի 9-ի առավոտյան հայկական ջոկատները հաջողությամբ ավարտեցին «Հարսանիք լեռներում» օպերացիան, որի արդյունքում ազատագրվեց հրաշագեղ Շուշին: Շուշիի ազատագրումն էլ բեկումնային դարձավ ղարաբաղյան պատերազմում և նախանշեց հետագա հաղթանակների ուղին: «Հարսանիք լեռներում» օպերացիայի արտասովոր անվանումը գալիս է նրանից, որ այդ ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը անիրագործելի էր համարում Շուշիի ազատագրման մարտական պլանը, կարծում էր, որ նման օպերացիա իրականացնելը դեռ վաղ է ու պետք է դրան լավ պատրաստվել: Նրանք որոշել էին` Շուշին գրավելուց հետո լեռներում Վազգեն Սարգսյանի հարսանիքը կազմակերպել. այդպես էլ օպերացիան ստացել է «Հարսանիք լեռներում» պայմանական անվանումը:

Ազատագրական գործողություններն իրականացվել են 4 ուղղությամբ միաժամանակյա հարձակումներով: Մայիսի 8-ի գիշերը` ժամը 2.30-ին` Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո, հայկական զորքը մտնում է Շուշի, և մայիսյան հերթական լուսաբացին բերդաքաղաքի Սբ Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին արդեն ծածանվում էր հայոց հաղթական եռագույնը: Այն նորանկախ Հայաստանի պատմության ամենափառավոր էջերից է: Եվ անգամ 2020թ. Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմը, Շուշիի օկուպացումը չեն կարող նսեմացնել 1992թ. մայիսի 8-9-ի պատմական իրադարձությունների դերն ու նշանակությունը։

Ադրբեջանը 2020թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ ագրեսիվ ռազմական գործողություններ սանձազերծեց Արցախի դեմ, հոկտեմբերի 8-ին հարվածեց Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն, ավերեց այն, նոյեմբերին Շուշիի օկուպացիայից հետո սկսեց ավերել նաև քաղաքն ու ոչնչացնել հայկական հետքը։ 2021թ. ապրիլի վերջին հանեց եկեղեցու գմբեթները` աղավաղելով դրա քրիստոնեական տեսքն ու խաթարելով ճարտարապետությունը։

Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է, որ դիվանագիտական-քաղաքական ճանապարհով նախկին ԼՂԻՄ տարածքի դեօկուպացիայի խնդիրը պետք է դրվի Արցախյան հիմնահարցի կարգավորման հիմքում։

Բանակը՝ անվտանգության երաշխավոր

Մայիսի 9-ին նշվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: ԼՂՀ պաշտպանության բանակը պաշտոնապես ստեղծվել է 1992թ. մայիսի 5-ին, որով միավորվեցին դեռևս 1990թ. գործող անջատ ինքնապաշտպանական ռազմական միավորումները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ