Այն, ինչ տեղի է ունեցել Գյումրիում, քաղաքական անպատասխանատվության կոնկրետ դրսևորում է
Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Среда, 13 ноября 2024 г.
«Ամենայն հարգանքով բոլորի և ցանկացած մարդու որոշում կայացնելու իրավունքի նկատմամբ. ուզում եմ հստակ արձանագրել, որ այն, ինչ տեղի է ունեցել Գյումրիում, կոնկրետ քաղաքական անպատասխանատվության դրսևորում է»:
Այս մասին Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանի այն հարցին, թե Գյումրիում մոտ երկու շաբաթ առաջ կառավարող «Բալասանյան» դաշինքը հրաժարվել է իր ավագանու մանդատներից, հրաժարական է տվել համայնքի ղեկավարը, և հանրապետության 2-րդ քաղաքում կառավարման ճգնաժամ է տիրում. համայնքապետարանի և դրա ենթակայության տակ գտնվող մոտ 2 հազար և ավելի անձինք աշխատավարձ չեն ստացել, արդյոք իշխանությունը այդ խնդիրը լուծելու համար քայլեր ձեռնարկո՞ւմ է:
«Այսօր Գյումրիում փաստորեն չկա որևէ ղեկավար պաշտոնյա, նույնիսկ պաշտոնակատար: Այդ մարդիկ մանդատ են ստացել, հայտ են ներկայացրել Գյումրին կառավարելու, հիմա իրենց քայլերով Գյումրիում ստեղծել են ճգնաժամ, մի հատ էլ կողքից շահարկում են, թե իշխանությունն է ճնշել, ստիպել. իշխանությունը ո՛չ ճնշել է, ո՛չ ստիպել: Այդ մարդիկ ուղղակի որոշել են վատություն անել Գյումրիին, գյումրեցիներին, ՀՀ-ին, որովհետև հեռանալ կարելի էր այնպես, որ ենթադրենք աղբահանության պրոբլեմ չառաջանա: Ուզում եմ հստակ արձանագրել՝ նրանք, ովքեր կասեն, որ իշխանությունը ճնշել է, որ իրենք մանդատ դնեն կամ հեռանան, կատարյալ սուտ է, գուցե ընդհակառակը՝ փորձ է արվել իշխանությանը շանտաժի ենթարկել, ինչ-ինչ արտոնություններ պահպանելու ուղղությամբ, այդ շանտաժը ի սկզբանե չէր կարող անցնել, և սա նույնպես բոլորիս պարզ և հասկանալի է»,- ասաց վարչապետը: