Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառում՝ Ժնևում

27.04.2025 - 12:15 դիտում

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցի կապակցությամբ Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցում տեղի է ունեցել հոգևոր արարողություն՝ Շվեյցարիայում Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդական տեղապահ, Հոգեշնորհ Տ. Գուսան Վարդապետ Ալճանյանի հանդիսապետությամբ։

Վարդապետը կատարել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ և հանդես եկել օրվա խորհրդին նվիրված պատգամով։

Հոգևոր արարողությանը հաջորդել են երաժշտական կատարումներ, որի ընթացքում հնչել են Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունները:

Միջոցառումը շարունակվել է եկեղեցու հարակից տարածքում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ, որտեղ տեղի է ունեցել ծաղկեպսակների զետեղման արարողություն։

Հիշատակի միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Շվեյցարիայի Հայոց միության (UAS) ներկայացուցիչ Արազ Գաբրիելը և Շվեյցարիայի հայկական և հայասեր կազմակերպևթյունների խորհրդի (CAAS) ներկայացուցիչ Վիգեն Բայրամյանը։

Դեսպան Հասմիկ Տոլմաջյանն իր խոսքում ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ոգեկոչումը հարգանքի տուրք է մեկուկես միլիոն զոհերի հիշատակին, համերաշխություն՝ անասելի տառապանքների միջով անցած վերապրողների և նրանց զավակների հանդեպ։

Ոգոկոչումը կարևոր է նաև մոռացումի, անպատժելիության դեմ պայքարելու և հատկապես նոր ոճիրների գործումը կանխարգելելու համար, որի նպատակով Հայաստանն իր կարևոր նպաստն է բերում միջազգային հավաքական ջանքերում։

Դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մեր ժողովրդի կողքին էին և համերաշխության ձեռք են մեկնել պատմության փորձության այդ ծանր պահին, այն բոլոր երկրներին, որոնք իրենց հյուրընկալ հողում ապաստան և վերընձյուղման հնարավորություն են տվել մեր բազմահազար վերապրյալ հայրենակիցներին՝ առանձնակի ընդգծելով շվեյցարացի քաղաքական, հասարակական, հոգևոր, հումանիստ բազմաթիվ գործիչների անձնուրաց դերակատարությունը։

Դեսպանը նշել է, որ հայ ժողովրդի վերածնումը, Հայաստանի անկախ պետականության վերականգնումը, ի հեճուկս ոճրի հեղինակների բնաջնջման ծրագրերի, լավագույն տուրքն են անմեղ նահատակների հիշատակին։

Խաղաղ, անվտանգ, կենսունակ և զարգացած Հայաստանի Հանրապետությունը նաև երաշխիք է՝ թույլ չտալու համար ողբերգության կրկնությունը։

Մեջբերելով Չարենցի խոսքերը՝ դեսպանը կարևորել է աշխարհասփյուռ հայության միասնականությունն ու համախմբումը Հայոց անկախ պետության կողքին՝ ի նպաստ նրա անվտանգության, խաղաղ զարգացման և հարատևության։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ