Հայկ Չոբանյանն ու ՀՀ-ում ԱՄԷ-ի դեսպանության հավատարմատարը քննարկել են ԲՏԱ ոլորտին առնչվող հարցեր

6.07.2021 - 20:11 դիտում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հանդիպել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ալ Սալամիի հետ։

Հայկ Չոբանյանն իր ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել Ահլամ Ալ Սալամիին հանդիպման համար և հույս հայտնել, որ այն խթան կհանդիսանա երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում առավել արդյունավետ համագործակցության համար:

Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ բարձր է գնահատում ԱՄԷ-ում արդեն իսկ ձևավորված հարթակները, որոնք իրականացնում են աքսելերացիոն, ստարտափների, վենչուրային հիմնադրամների, արհեստական բանականության, ռոբոտաշինության նախագծեր։ Հայկ Չոբանյանը ընդգծել է ՏՏ ոլորտում գործող ընկերությունների հետ համագործակցության հեռանկարները, ինչպես նաև կարևորել է ԱՄԷ ներդրողներին ՀՀ-ն ազգային վենչուրային հիմնադրամում ներգրավելու հնարավորությունները:

Ահլամ Ալ Սալամիին շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերի համար և նշել, որ ԱՄԷ-ն կարևորում է ՀՀ-ի հետ համագործակցության ընդլայնումը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում։ Հանդիպման ընթացքում բարձրացված բոլոր հարցերն ու առաջարկները փոխանցվելու են ԱՄԷ պատկան մարմիններին՝ երկու երկրների միջև առավել արդյունավետ և հետևողական գործակցային հարաբերություններ զարգացնելու նպատակով:

Կողմերը քննարկել են մի շարք այլ հարցերի, մասնավորապես, անդրադարձ է կատարվել «Թավազուն» հիմնադրամի ներկայացուցիչների հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, ԱՄԷ արհեստական բանականության նախարար Օմար ալ Օլամայի առաջարկությանը՝ երկկողմ համագործակցության շրջանակները ներկայացնող փոխըմբռնման հուշագիր կամ համաձայնագիր կնքելուն, որը ներառելու է տվյալների կենտրոնների և ISO ստանդարտների մշակման, էլեկտրոնային կառավարման, ինժեներական ու տեխնոլոգիական կենտրոնների բացման ու փորձի փոխանակման կետեր:

Հաշվի առնելով, որ Dubai Future Accelerator-ը միտված է հեշտացնելու ձեռնարկատերերի, մասնավոր ոլորտի կազմակերպությունների և պետական մարմինների միջև գործընկերությունը՝ Հայկ Չոբանյանն առաջարկել է քննարկել ՀՀ-ից ոլորտային մասնագետների աքսելերացիայի կազմակերպման հնարավորությունը «Dubai Future Accelerator-ում:

Հանդիպման ավարտին Հայկ Չոբանյանը հրավիրել է Ահլամ Ալ Սալամիին մասնակցելու հոկտեմբերին կայանալիք տեխնոլոգիական շաբաթի միջոցառումներին, 2022 թ. մարտին նախատեսված «ԱրմՀայԹեք» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին, ինչպես նաև առաջարկել է այցելել Երևանի ինժեներական քաղաք և ծանոթանալ քաղաքի էկոհամակարգի հետ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ