Հայկական պաշտպանական համակարգը բարեփոխելու համար է, և չկա մտադրություն օգտագործել այս համակարգերը որևէ այլ՝ երրորդ կողմի դեմ. Միրզոյան

Աստղիկ Խաչատրյան 11.03.2025 - 19:22
11.03.2025 - 19:22 դիտում

Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական թեմաների լուսաբանման հարցում առաջատար WION լրատվամիջոցին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Հարցազրույցում նախարար Միրզոյանը պատասխանել է Հայաստան-Հնդկաստան երկկողմ համագործակցության օրակարգի, զարգացման մեծ ներուժ ունեցող ուղղությունների, միջազգային հարթակներում փոխաջակցության, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերի վերաբերյալ, այլ տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցերի:
«Ակնհայտ է, որ պաշտպանությունն այն ուղղություններից, այն ոլորտներից մեկն է, որտեղ մենք շատ սերտ համագործակցություն ունենք Հնդկաստանի հետ, և ես ենթադրում եմ, որ այս համագործակցությունը շարունակաբար կխորանա: Բայց ես կցանկանայի նշել, որ այս համագործակցությունը և, մասնավորապես, Հնդկաստանում արտադրված որոշ հատուկ սարքավորումների ձեռքբերումը Հայաստանի կողմից նախատեսված չէ օգտագործվելու կամ, այնուամենայնիվ, որևէ այլ իմաստով, այն ուղղված չէ որևէ այլ՝ երրորդ կողմի դեմ: Դուք հավանաբար տեղյակ եք, որ Հայաստանն ունի խաղաղության օրակարգ, մենք ներգրավված ենք խաղաղության բանակցություններում մեր արևելյան հարևանի հետ, բայց նաև ընդհանուր առմամբ, մենք շատ կենտրոնացած ենք խաղաղություն և կայունություն հաստատելու և մեր հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու վրա: Այսպիսով, մենք գտնվում ենք մեր պաշտպանական ոլորտը, մեր բանակը բարեփոխելու, մեր բանակը արդիականացնելու գործընթացում, և այստեղ հնդկական փորձը որոշակի հատուկ ոլորտներում, ինչպես նաև Հնդկաստանում արտադրված սարքավորումները մեզ համար հետաքրքրություն են ներկայացնում: Բայց կրկին, սա հայկական պաշտպանական համակարգը բարեփոխելու համար է, և չկա մտադրություն օգտագործել այս համակարգերը որևէ այլ՝ երրորդ կողմի դեմ:
(…) Միջազգային հարթակներում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցությանն անդրադառնալով` պետք է նշեմ, որ այստեղ մենք շատ սերտ համագործակցություն ունենք։ Մենք աջակցում ենք միմյանց թեկնածություններին, շատ հաճախ փոխադարձաբար աջակցում ենք տարբեր միջազգային հարթակներում միմյանց նախաձեռնություններին։
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ապա այստեղ պետք է ասեմ, որ մենք շատ մոտ ենք, նկատի ունեմ Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի նախագծի վերջնականացմանը: Եթե մեզ հաջողվի նախևառաջ ավարտին հասցնել պայմանագրի մշակումը, իսկ այնուհետև ստորագրել այն, ապա դա կլինի խաղաղության և կայունության ամենաուժեղ հենասյուներից մեկը Հարավային Կովկասում։ Եվ սա գալիս է նաև լրացնելու այն մյուս քայլերը, բանակցությունները և համաձայնությունները, որոնք մենք արդեն ունենք Ադրբեջանի հետ: Օրինակ՝ ընդամենը մի քանի ամիս առաջ մեզ հաջողվեց ստորագրել և այնուհետև վավերացնել երկու պետությունների միջև սահմանազատման գործընթացով զբաղվող սահմանային հանձնաժողովների աշխատանքների կանոնակարգը:
(…) Ցավոք, մենք տեսնում ենք, որ այսօր Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում գործող բոլոր մեխանիզմներն, ինչպես նաև այն մեխանիզմները, որոնք գործում են ՄԱԿ-ի համակարգից դուրս, բավարար չեն և չեն երաշխավորում մեզ աշխարհի տարբեր հատվածներում հակամարտությունների կանխարգելում, կառավարում կամ դադարեցում։ Այն ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ, ամենայն հավանականությամբ, ՄԱԿ-ի համակարգը կարիք ունի որոշակի բարեփոխումների։ Մենք ծանոթ ենք Հնդկաստանի մոտեցմանն ու դիրքորոշմանը և աջակցում ենք այդ մոտեցմանը»,- մասնավորապես ասվում է ՀՀ արտգործնախարարի պատասխաններում։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ