Հայկական ԱԷԿ-ի աշխատանքը կդադարեցվի 141 օրով

Աննա Կոստանյան 15.05.2021 - 13:43
15.05.2021 - 13:43 դիտում

Այսօր՝ մայիսի 15-ին, Հայկական ԱԷԿ-ում մեկնարկել է առանցքային պլանային-նախազգուշացնող վերանորոգումը (ՊՆՎ-2021)՝ կայանի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի շրջանակում։ Արդիականացման պայմանագրի շրջանակում աշխատանքների կազմակերպումն իրականացնում է «Ռոսատոմ» Պետկորպորացիայի էլեկտաէներգետիկ դիվիզիոնի մեջ մտնող «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը՝ տեղեկացնում են Հայկական ԱԷԿ-ից:

Հայկական ԱԷԿ-ի աշխատանքը կդադարեցվի 141 օրով. սա ամենաերկարատև ՊՆՎ-ն է նախագծի մեկնարկից ի վեր։ Նման երկար դադարը պայմանավորված է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման ուղղությամբ իրականացվող կարևոր եզրափակիչ աշխատանքներով։

ԱԷԿ-ում իրականացվող միջոցառումները միտված են դրա արդյունավետության և հուսալիության բարձրացմանը։

«Ուզում եմ ընդգծել, որ անցյալ տարին նվիրված էր ՊՆՎ-2021 շրջանակում նորոգման աշխատանքների նախապատրաստմանը․ անցկացվել են անհրաժեշտ բոլոր ստուգումները, մատակարարվել են սարքավորումները, իրականացվել են ռեակտորի ակտիվ գոտու վթարային հովացման համակարգի արդիականացման և ռեակտորի իրանի վերականգնողական թրծաթողման նախապատրաստական աշխատանքները։ Հիմնական բոլոր միջոցառումները ֆիզիկապես կիրականացվեն ՊՆՎ-2021-ի ընթացքում՝ մինչև 2021-ի հոկտեմբեր նեռարյալ»,- ասել է Հայկական ԱԷԿ-ի գլխավոր ինժեներ Արթուր Գրիգորյանը։

Այս տարի լրանում է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի աշխատանքի մեկնարկի 45-ամյակը՝ 45 տարի առաջ այն միացել է էներգահամակարգին։ Խորհրդանշական է, որ այժմ՝ արդիականացումից հետո, կվերականգնվեն ռեակտորի իրանի ֆիզիկա-մեխանիկական հատկությունները, և հնարավոր կլինի այն շահագործել 2026 թվականից հետո՝ առնվազն մինչև 2036 թվականը։

«Այս առանցքային դադարը որոշիչ կլինի Հայկական ԱԷԿ-ի աշխատանքի համար։ Աշխատանքներն իրականացնելու նպատակով կայան է ժամանել ռուսաստանցի 120 մասնագետ։ Այս տարվա ընթացքում, նորոգման ժամանակահատվածում, Ռուսաստանից կներգրավվի շուրջ 350 ատոմագործ։ Սա Հայաստանի ատոմային էներգետիկայի զարգացման կարևոր փուլ է, և մենք ուրախ ենք մասնակցելու այս իրադարձությանը և օգնելու մեր ընկերներին՝ կերտել Հայաստանի ատոմային ոլորտի պատմությունը»,- ասել է Յուրի Սվիրիդենկոն՝ հայկական ԱԷԿ-ի շահագորժման ժամկետի երկարացման նախագծի ռուսական կողմի ղեկավարը:

Հայկական ԱԷԿ-ը Հարավային Կովկասի միակ ատոմային կայանն է, որն արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի ավելի քան 30 տոկոսը։ Ատոմային էներգետիկայի բնագավառում Հայաստանի և Ռուսաստանի առանցքային նախագիծն է՝ Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացումն ու շահագործան ժամկետի երկարաձգումը։ Հայաստանը կուտակել է ԱԷԿ-ի շահագործման եզակի փորձ։ Երկրորդ էներգաբլոկը վերագործարկվել է շուրջ 6.5 տարվա դադարից հետո։ Կայանը կարևորագույն դեր է խաղում Հայաստանի էներգահամակարգի զարգացման և երկրի սոցիալ-տնտեսական կյանքի համար։ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի գլխավոր կապալառուն է «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ