Հայաստանում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի «խոշոր շահում» և կհարկվի 10 տոկոս եկամտային հարկով

Աննա Կոստանյան 10.06.2024 - 14:00
10.06.2024 - 14:00 դիտում

Հայաստանում խաղային կազմակերպիչը 5 մլն դրամից ավելի շահման դեպքում պետական բյուջե պետք է վճարի 10 տոկոս եկամտային հարկ: Խաղային գործունեության կարգավորման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:

Սահմանվում է «խոշոր շահում» հասկացությունը, որ 5 մլն դրամը գերազանցող շահումն է: Առաջարկվում է 5 մլն դրամը գերազանցող շահման դեպքում սահմանել 10 տոկոս եկամտային հարկ:

ՊԵԿ նախագահը հիշեցրեց, որ խաղային ոլորտը հիմա էլ կարգավորված է, պատշաճ հարկման դաշտում է: «Այս նախագծով մենք կարգավորում ենք բուն շահումների հարկումը, որոնք գործող Հարկային օրենսգրքով համարվում են նվազեցվող եկամուտ և չեն հարկվում»,–ասաց Բադասյանը:

Առաջարկվում է, որ շահումով խաղի կազմակերպիչը շահումից պահի եկամտային հարկը և փոխանցի պետական բյուջե:

Ինչ վերաբերում է մնացած բոլոր շահումներին, ապա գործում է տարեկան կտրվածքով հաշվարկի մեթոդաբանություն: «Այսինքն՝ տարվա ընթացքում կատարված բոլոր խաղադրույքների և ստացված շահումների դրական տարբերության առկայության դեպքում առաջարկում ենք, որ ֆիզիկական անձը տարեկան հայտարարագրով արտացոլի տվյալ դրական տարբերությունը և դրա նկատմամբ 5 տոկոս եկամտային հարկի դրույքաչափով վճարում կատարի պետական բյուջե»,–ասաց ՊԵԿ նախագահը:

Բաբկեն Թունյանն ամփոփեց՝ խոշոր շահումները հարկվելու են 10 տոկոս եկամտային հարկով, հարկային գործակալը հանդիսանալու է տվյալ ընկերությունը:

«Իսկ փոքր շահումները, որոնք տարվա ընթացքում կլինեն, և համապատասխան մարմինը կհաշվարկի զուտ շահումը, հարկվելու են 5 տոկոսով: Դրա վճարումը կատարելու է քաղաքացին իր եկամուտների հայտարարագիրը ներկայացնելիս»,- ասաց նա։

Մինչև առաջարկվող կարգավորման ուժի մեջ մտնելը ուժի մեջ կմտնեն այլ կարգավորումներ ևս: Հայաստանում գործող տելեկոմները պետք է արգելափակեն Հայաստանում չլիցենզավորված շահումով խաղերի գործողությունը երկրում, այսինքն՝ հնարավոր չի լինի մուտք գործել այդ կայքեր, առևտրային բանկերն էլ պետք է արգելափակեն ցանկացած վճարում ՀՀ–ում չլիցենզավորված խաղային ոլորտի կազմակերպիչներին:

Նախագիծը ստացավ դրական եզրակացություն և կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ