Հունիսի 28-ին արդեն մեկնարկել է առաջին միջազգային զբոսաշրջային գնացքը, որն 9 օր շարունակ կանցնի Հայաստանի և Վրաստանի տարբեր քաղաքներով, հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից։
Նշվում է, որ այս ձևաչափը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի և չեխական Gepard Express զբոսաշրջային օպերատորի համագործակցության արդյունքն է։
Գնացքի շուրջ 300 ուղևորներին՝ հիմնականում եվրոպացի զբոսաշրջիկներ, սպասվում է մշակութային, պատմական և բնության տեսարժան վայրերի հետ ծանոթություն Սևանում, Երևանում, Գյումրիում, Թբիլիսիում, Քութայիսիում և Բաթումիում։
Գնացքը կգործի որպես շարժական հյուրանոց։ ՀԿԵ-ի վագոնները կտրամադրեն անհրաժեշտ բոլոր հարմարությունները՝ քնարաններ, օդորակիչ, լոգասենյակներ և այլ ծառայություններ՝ ապահովելով բարձր հարմարավետություն։
«Երկաթուղային զբոսաշրջությունը աշխարհում լայնորեն կիրառվում է, բայց Հայաստանում այն դեռ նորություն է։ Այս նախաձեռնությամբ մենք նպատակ ունենք ընդլայնել մեր ծառայությունների շրջանակը և նոր լիցք հաղորդել տարածաշրջանային զբոսաշրջությանը։ Մենք վստահ ենք, որ բարձրորակ ծառայությունները կգնահատվեն մեր հյուրերի կողմից, իսկ երկաթուղային զբոսաշրջությունը կդառնա Հայաստանում զարգացող և կայուն ուղություն»,- հայտարարել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։