Հայաստանում ՀԱՊԿ զորավարժությունների չեղարկումը դժվարություններ է ստեղծում դաշնակիցների համար. ՌԴ ԱԳՆ

Աննա Կոստանյան 12.01.2023 - 16:09
12.01.2023 - 16:09 դիտում

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է, որ Հայաստանի տարածքում ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժությունները չանցկացնելու Երևանի որոշումը որոշակի դժվարություններ է ստեղծում կազմակերպության անդամների համար։

«Ակնհայտ է, որ այս հարցում Հայաստանը շարունակում է գործել՝ ելնելով իր զինված ուժերի առջև ծառացած առաջնահերթ խնդիրներից՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը… Ուզում եմ հիշեցնել, որ անցյալ տարի Հայաստանի պաշտպանության նախարարությունը ռազմական կոնտինգենտ չի հատկացրել Ղազախստանում ՀԱՊԿ համատեղ զորավարժություններին մասնակցելու համար։ Դա, իհարկե, որոշակի դժվարություններ է ստեղծում դաշնակիցների համար՝ ստիպելով նրանց վերագծել ռազմական գերատեսչությունների կողմից արդեն համաձայնեցված ծրագրերը», – ասել է Զախարովան։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը հրաժարվել է երկրում անցկացնել ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժությունները։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն արդեն ՀԱՊԿ-ի միացյալ շտաբին տեղեկացրել է, որ ստեղծված իրավիճակում Երևանն աննպատակահարմար է համարում վարժանքների անցկացումը։

ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը հայտնել է, որ շտաբը դիտարկում է 2023 թվականին Հայաստանի տարածքից դուրս ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու տարբերակները։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ