Հայաստանում բարձր են գնահատում, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները չեն այցելել Շուշի

Աստղիկ Խաչատրյան 30.08.2022 - 11:47
30.08.2022 - 11:47 դիտում

Հայաստանը բարձր է գնահատում Շուշի այցելելու Ադրբեջանի կառավարության հրավերը մերժած Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանների դիրքորոշումը:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

Հարց – Վերջերս Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագետների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Շուշիում տեղի է ունեցել համաժողով: Ի՞նչ մեկնաբանություն ունեք այս առումով:

Պատասխան – Վերահաստատում ենք մեր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղ միակողմանի այցերի անընդունելիության վերաբերյալ: Համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է ներգրավված լինի միջազգային համագործակցության և աջակցության ծրագրերում:

Միաժամանակ, բարձր ենք գնահատում այն երկրների դիրքորոշումը, որոնք խորքային պատկերացում ունենալով հակամարտության վերաբերյալ՝ հրաժարվել են նմանօրինակ միակողմանի ակցիային մասնակցելուց:

Հիշեցնենք՝ օգոստոսի 27-ին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Շուշիում ընթացող խորհրդաժողովի շրջանակում հայտարարել էր, որ Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպաններն անտեսել են Շուշի այցելելու Ադրբեջանի կառավարության հրավերը:

«Դա պետք է գնահատել որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության չճանաչում»,- ասել էր Հաջիևը:

Նա դեսպանների քայլը գնահատել էր որպես «անհարգալից վերաբերմունք Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ, որովհետև, այդ երկրների կարծիքով, հակամարտությունը դեռ ավարտված չէ»:

Հաջիևի խոսքով՝ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, որևէ ներդրում չեն ունեցել հակամարտության կարգավորման գործում:

«Նրանք մեզնից 30 տարի են խլել: Այս այցին չմասնակցելով՝ նրանք հերթական անգամ քամահրանք արտահայտեցին»,- ասել էր Հաջիևը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ