Հայաստանն ընտրվեց ՄԱԿ-ի Ոչ կառավարական կազմակերպությունների կոմիտեի անդամ

13.04.2022 - 21:23 դիտում

Ապրիլի 13-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի նիստի ընթացքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Հայաստանն ընտրվել է Ոչ կառավարական կազմակերպությունների կոմիտեի անդամ 2023-2026 թթ․ ժամանակահատվածի համար։

Փակ-գաղտնի քվեարկության արդյունքում Արևելաեվրոպական երկրների տարածաշրջանային խմբից Հայաստանն ընտրվել է առաջին տեղով՝ ստանալով Տնտեսական և սոցիալական խորհրդի 54 անդամ երկրներից 47-ի քվեն։

Հայաստանը ՄԱԿ-ի Ոչ կառավարական կազմակերպությունների կոմիտեին անդամակցում է առաջին անգամ։ Անդամակցության շրջանակներում Հայաստանը նպաստելու է քաղաքացիական հասարակության և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների առավել ակտիվ և բովանդակային ներգրավմանը ՄԱԿ-ի շրջանակներում տարվող գործընթացներում։

Ոչ կառավարական կազմակերպությունների կոմիտեն ստեղծվել է 1946 թ․, հանդիսանում է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի օժանդակ մարմին, բաղկացած է ՄԱԿ անդամ 19 երկրից։ Այն զբաղվում է Տնտսոցխորհի խորհրդատվական կարգավիճակ ստանալու ոչ կառավարական կազմակերպությունների դիմումների, զեկույցների քննարկմամբ և խորհրդատվական կարգավիճակ ունեցող ոչ կառավարական կազմակերպությունների հետ հարաբերությունների դիտարկմամբ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ