Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները սահմանը կկարողանան հատել նույնականացման քարտերով

Աննա Կոստանյան 12.01.2023 - 13:48
12.01.2023 - 13:48 դիտում

Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները սահմանը կկարողանան հատել նույնականացման քարտերով, և անհրաժեշտ չի լինի ներկայացնել անձնագիր։

Կառավարության հերթական նիստի ժամանակ «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին նախագիծը ներկայացրեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Հարևան Վրաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունների կառուցումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Ճիշտ այդպես արտացոլված է Կառավարության ծրագրում։ Գործնականում ևս ամենատարբեր մակարդակներում կան ինտենսիվ շփումներ բոլոր գերատեսչությունների միջև։

Վրաստանը նաև մեր քաղաքացների համար գործնական և հանգստի նպատակով այցելությունների սիրված վայրերից է։ 2019 թվականի 1 միլիոն 365 հազար Հայաստանի Հանրապետության քաղաքացի է այցելել Վրաստան։ Իհարկե, համավարակով պայմանավորված հետընթաց է գրանցվել։ Կարծում ենք, որ առաջիկայում դինամիկան կվերականգնվի»,- ասաց Միրզոյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարում այս որոշումը, սակայն, ըստ նրա, կարող են որոշակի ռիսկեր առաջացնել, որոնց ուղղությամբ վրաց գործընկերների հետ արդյունավետ աշխատանք կտարվի։ «Հաճույքով նշեմ, որ այսօր սպասում ենք Վրաստանի պատվիրակությանը՝ վարչապետ Իրակլի Ղարբաշվիլի գլխավորությամբ: Երևանում տեղի է ունենալու Հայաստանի և Վրաստանի միջկառավարական հերթական նիստը։ Այս նիստի շրջանակներում հույս ունենք նաև այս համաձայնագիրը ստորագրել»,- ասաց ՀՀ վարչապետը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ