Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ճարտարապետությունն ու սկզբունքները համաձայնեցված են. Նիկոլ Փաշինյան

11.02.2024 - 23:56 դիտում

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական The Telegraph-ի միջազգային մեկնաբան Ռոլանդ Օլիֆանթին:

Անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին՝ Օլիֆանթը հարց է ուղղել վարչապետին` նկատելով՝ արդեն 5 ամիս է, ինչ Ադրբեջանը լիակատար հսկողություն է սահմանել ԼՂ-ի նկատմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Հայաստանի հետ խաղաղության և հակամարտությանը վերջ տալու իր պատրաստակամության մասին, սակայն դրանից հետո ոչինչ տեղի չի ունեցել: Ի վերջո, ինչու է ձգձգվում խաղաղության գործընթացը:

«Նախ՝ պետք է արձանագրել, որ միջազգային երեք ձևաչափերով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության սկզբունքները համաձայնեցված են: Առաջինը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ընթացքում: Մենք երկար քննարկումներից հետո ընդունել ենք համատեղ հայտարարությունը, որտեղ արձանագրվում է հետևյալ սկզբունքը, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա: Ի՞նչ է սա նշանակում: Ալմա Աթայի հռչակագրով Խորհրդային Միության հանրապետությունների միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները դառնում են այլևս պետական սահման: Ալմա Աթայի հռչակագրով արձանագրվում է, որ այդ հանրապետությունները ընդունում են գոյություն ունեցող սահմանները»,- ասել է վարչապետը:

Նրա խոսքով՝ կարևոր է արձանագրել, որ Պրահայում հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահի և Եվրամիության նախագահի ներկայությամբ Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են, որ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա: Երկրորդ կարևոր կետը, ըստ վարչապետի, այն է, որ Ալմա Աթայի հռչակագիրը պետք է դառնա երկու երկրների միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման հիմքը:

«Սա էլ շատ կարևոր սկզբունք է, ինչն այս համատեքստում նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում ոչ թե սահման պետք է ստեղծվի, այլ Ալմա Աթայի հռչակագրով վերահաստատված սահմանները պետք է արտահայտվեն գետնի վրա, քարտեզների վրա։ Սա առաջին ֆունդամենտալ պայմանավորվածությունն է:

Դրանից հետո հոկտեմբերի 30-ին ստորագրվել է ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի և իմ եռակողմ հայտարարությունը, որտեղ Հայաստանը և Ադրբեջանը գրավոր հայտարարությամբ ընդունել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը, հայտարարում են, որ հրաժարվում են ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից և բոլոր հարցերը կլուծեն բանակցային ճանապարհով: Այս պայմանավորվածությունն է հիմք դարձել երրորդ սկզբունքի ֆունդամենտալ ձևավորման և ձևակերպման, որը նշանակում է, որ տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակումը տեղի կունենա երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգման շրջանակում: Ըստ էության՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ճարտարապետությունը և սկզբունքները համաձայնեցված են։

Նախորդ տարեվերջին, թվում էր, թե մենք մոտ ենք պայմանագրի վերջնական տեքստի համաձայնեցմանը, բայց սկզբից Ադրբեջանը երեք անգամ հրաժարվեց մասնակցել բանակցություններին, որից հետո նշանակվեցին նախագահական ընտրություններ։ Ըստ էության՝ այս կետի վրա ենք: Ենթադրում եմ նախագահական ընտրություններից հետո այս կետերի շուրջ հասնել իմպլեմենտացիայի, եթե քաղաքական կամք լինի: Հայաստանի կառավարությունը ունի այդ քաղաքական կամքը՝ գնալու մեր տարածաշրջանում խաղաղության և խաղաղության պայմանագրի ստորագրման՝ վերը նշված պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է վարչապետը:

Վարչապետի խոսքով, սակայն, այն, որ մենք այսքան ժամանակ ենք կորցրել, այդքան էլ դրական նշան չէ:

«Տեսեք՝ հունիսի 1-ին Քիշնևում տեղի ունեցավ հնգակողմ հանդիպում, որին մասնակցում էին Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերը, Եվրամիության խորհրդի նախագահը, Ադրբեջանի նախագահը և ես և որտեղ պայմանավորվածություն ձևակերպվեց ու դա գրավոր հրապարակվեց, որ այդ ֆորմատով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Գրանադայում՝ 2023թ. աշնանը:

Բայց Ադրբեջանը, ըստ էության, հրաժարվեց այդ հանդիպմանը մասնակցել, որտեղ այդ համատեքստում ձևակերպվեց, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի վերջին՝ Բրյուսելում, եռակողմ ձևաչափով: Ադրբեջանը նորից հրաժարվեց այդ հանդիպմանը մասնակցել:

Եվ եթե սրան գումարում ենք նաև այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան Լեռնային Ղարաբաղում, նախ ռազմական հարվածներ հասցվեցին Լեռնային Ղարաբաղին և, ըստ էության, հայաթափվեց Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ՝ էթնիկ զտումների հետևանքով: Երբ այս իրադարձություններն իրար կողքի ենք դնում, Հայաստանում, օրինակ՝ կան վերլուծաբաններ, որոնք կարծում են, որ այս ամեն ինչը նշանակում է, որ Ադրբեջանը քայլ-քայլ նահանջում է և հրաժարվում է միջազգային հարթակներում և մեր միջև ձեռք բերված պայմանավորվածություններից»,- նկատել է Նիկոլ Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ