Հուլիսի 17-ին Հայաստանը ներկայացնող մարզիկ, հրաձիգ Էլմիրա Կարապետյանը մասնակցել է Փարիզում կայանալիք օլիմպիական 33-րդ խաղերի կրակի փոխանցումավազքին։ Այդ մասին ասված է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում:
«Փոխանցումավազքի ընթացքում, որը տեղի ունեցավ Ֆրանսիայի Վիլիե-Կոտրե քաղաքում գտնվող համանուն պալատի տարածքում, Էլմիրա Կարապետյանը՝ որպես 2027 թ․ Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը հյուրընկալող երկրի ներկայացուցիչ, օլիմպիական կրակն ընդունեց Ֆրանկոֆոնիայի նախորդ խաղերը հյուրընկալած երկրի՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը ներկայացնող մարզիկ, ձյուդոիստ Արնոլդ Կիսոկայից։
.jpg)
Այս կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր արարողությանը ներկա էին Ֆրանսիայի սպորտի, օլիմպիական և պարալիմպիկ խաղերի հարցերով նախարար Ամելի Ուդեա-Կաստերան, Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ԿԴՀ սպորտի և ժամանցի հարցերով նախարար Դիդիե Բուդիմբու Նտուբուանգան, Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինան, Ֆրանկոֆոն երկրների Երիտասարդության և սպորտի հարցերով նախարարների համաժողովի գլխավոր քարտուղար Լուիզետ Ռենե Տոբին, ռեգիոնալ և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, վերոհիշյալ պալատում տեղակայված Ֆրանսերեն լեզվի միջազգային կենտրոնի տնօրինությունը, բազմաթիվ ֆրանսիացիներ։
Արարողության շրջանակներում Ֆրանսիայի սպորտային տարբեր ֆեդերացիաների մասնակցությամբ տեղի ունեցավ նաև շքերթ, որին հաջորդեց «Օլիմպիական խաղերը և Ֆրանկոֆոնիան» խորագիրը կրող բացօթյա ցուցահանդեսի բացումը։
.jpg)
Արարողության եզրափակիչ ելույթում դեսպան Տոլմաջյանն ընդգծեց պահի պատմականությունը, քանի որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է Հայաստանը ներկայացնող մարզիկը մասնակցում օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքին։ Նա շեշտեց, որ պատահական չէ, որ պատմական այդ պահը տեղի է ունենում հենց Փարիզի օլիմպիական խաղերի շրջանակներում, ֆրանսերեն լեզվի համար առանձնահատուկ նշանակություն ունեցող Վիլիե-Կոտրե պալատում, ինչը հերթական անգամ փաստում է հայ և ֆրանսիացի ժողովուրդների առանձնահատուկ և դարավոր բարեկամությունը։ Դեսպանը նշեց նաև, որ Ֆրանկոֆոնիայի հաջորդ խաղերը հյուրընկալող երկրի՝ Հայաստանի ներկայացուցչի մասնակցությունը կրակի փոխանցումավազքին խորհրդանշում է նաև Ֆրանկոֆոնիային և ֆրանկոֆոն արժեքներին Հայաստանի նվիրվածության ճանաչումը, և ընդգծեց, որ 2018 թ․ Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովից հետո 2027 թ․ Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը լինելու են երկրորդ ամենամեծ միջազգային իրադարձությունը, որ Հայաստանը երբևէ հյուրընկալել է։
.jpg)
Եզրափակիչ ելույթներով հանդես եկան նաև Ֆրանսիայի սպորտի, օլիմպիական և պարալիմպիկ խաղերի հարցերով նախարար Ամելի Ուդեա-Կաստերան և ԿԴՀ սպորտի և ժամանցի հարցերով նախարար Դիդիե Բուդիմբու Նտուբուանգան։
Տեղեկատվություն․ Վիլիե-Կոտրե քաղաքը Ֆրանսիայի բացառիկ պատմություն ունեցող քաղաքներից է։ Վիլիե-Կոտրե պալատում է 1539 թ․ Ֆրանսիայի թագավոր Ֆրանսուա Առաջինը ստորագրել հրամանագիր, որով իրավական բոլոր ակտերում ֆրանսերենի գործածությունը դարձել է պարտադիր։ Բացի այդ, այս քաղաքում է ծնվել նաև ֆրանսիացի աշխարհահռչակ գրող Ալեքսանդր Դյուման։
.jpg)
2018-2022 թթ․ ընթացքում, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անմիջական նախաձեռնությամբ, Վիլիե-Կոտրե պալատը վերանորոգվել և բարեկարգվել է, այնտեղ է տեղակայվել Ֆրանսերեն լեզվի միջազգային կենտրոնը։
Ս․թ․ հոկտեմբերի 4-5-ը Վիլիե-Կոտրե պալատում է տեղի ունենալու Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովը»,- նշված է գրառման մեջ։